Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում լսումներ են անցկացվում Ախալքալաքի
մունիցիպալիտետի քաղաքապետարանին հաշվետու ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության, խնդիրների և ձեռքբերումների վերաբերյալ: Մարտի 26-ին պատգամավորները լսել են 4 կազմակերպությունների:
Սակրեբուլոյում կազմակերպությունների ղեկավարների հետ լսումներ է անցկացվում կատարված աշխատանքների, ձեռքբերումների, և այն խնդիրների մասին, որոնց հետ նրանք բախվում են, դրանց լուծման հնարավոր ուղիներ գտնելու նպատակով։ Իրավիճակների լսումներից և վերլուծությունից հետո կմշակվեն հանձնարարականներ և առաջարկություններ, որոնք կուղարկվեն քաղաքապետարան:
Մարտի 26-ին պատգամավորները լսել են հետեւյալ կազմակերպությունների հաշվետվությունը.
Սպորտ համալիր
Ախալքալաքի մարզահամալիրում գործում է երեք մարզաձև՝ բռնցքամարտ, քիքբոքսինգ և ձյուդո, ինչպես նաև սպորտային համալիրին է պատկանում Արագվա գյուղի դահուկային դպրոցը։ Սպորտային համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը խոսեց սաների ձեռքբերումների մասին, նշեց որ, նրանց թվում կան Վրաստանի, Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ։ Մեկ մարզիկ այս տարի պայքարում է Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Սպորտային համալիրի սաներից 15-ը Վրաստանի տարբեր մարզաձեւերի հավաքականների անդամներ են։ Համալիր այցելում է ավելի քան 400 սան, այդ թվում՝ 15 աղջիկ։ Ատոմ Էլիզբարյանի խոսքով, նրանց յուրաքանչյուր հաջողությունից հետո Սպորտային համալիրում մարզվել ցանկացողների թիվն ավելանում է:
Ատոմ Էլիզբարյանը նշեց, որ մարզահամալիրի հիմնական խնդիրներից մեկը մարզիչների ցածր աշխատավարձն է՝ նշելով, որ ցանկալի է, որ մարզիչների աշխատավարձերը բարձրացվեն։ Բոլոր մարզիչները լիցենզավորված են: Նա նշեց նաև, որ մարզահամալիրում մարզագույքի պակաս կա:
Շախմատի դպրոց
Դպրոցի տնօրեն Վահան Սողոյանը խոսեց Ախալքալաքի շախմատի դպրոցի գործունեության մասին։ Տնօրենի խոսքով՝ դպրոցում սովորում է 65 երեխա, այդ թվում՝ 12 աղջիկ։ Նրա խոսքով, իրենց սաները մասնակցել են տարբեր մրցույթների ու վերադարձել մեդալներով։ Շախմատի դպրոցում աշխատում է 4 մարզիչ։ Դպրոց հաճախում են ինչպես քաղաքի երեխաները, այնպես էլ գյուղերի։
Ըստ Վահան Սողոյանի՝ խնդիրն այն է, որ հանրային դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման որակը բարձր չէ, քանի որ երեխաներն իրենց մոտ են գալիս առանց շախմատի տարրական գիտելիքների։
Փակ տիպի լողավազան
Տնօրեն Մարտին Գաբրիելյանը զեկուցեց Ախալքալաքի փակ լողավազանի աշխատանքի մասին։
100-ից ավելի մարդ է հաճախում լողավազան, որոնցից 45-ը կանայք են։ Գործում են կանանց և տղամարդկանց խմբեր, ինչպես նաև ֆիթնես ակումբ, որտեղ մարզվում են միայն կանայք։ Լողավազան այցելում են ոչ միայն մեր մունիցիպալիտետից, այլեւ Նինոծմինդայից։ Մարզիչները 5-ն են, ոչ բոլոր մարզիչներն ունեն արտոնագիր, սակայն մունիցիպալիտետում բարձր որակավորում ունեցող մասնագետների բացակայության պատճառով նրանք աշխատանքի են ընդունվել։ Լողավազանը տարեկան ստանում է մոտ 17600 լարի եկամուտ։ Տնօրենի խոսքով, երկու ամսում իրենք ստացել են 4600 լարի եկամուտ։ Գազի համար ամսական վճարում են 10000 լարի, հոսանքի համար՝ մոտ 2000 լարի։ Կազմակերպությունը չի կարող ինքն իրեն ապահովել։
Նշենք, որ լողավազանը շատ հաճախ և երկար ժամանակով փակվում է վերանորոգման համար:
Լողավազանն ունի հավաքարարների և մարզիչների թափուր աշխատատեղեր։
Սպորտ դպրոց
Ախալքալաքի Սպորտ դպրոցում գործում է 7 խումբ՝ կարատե, թենիս, վոլեյբոլ, ֆուտբոլ մարզաձևերի։ Մարզադպրոցին անհրաժեշտ են վոլեյբոլի որակավորված մարզիչներ։ Ձեռքբերումների մասին զեկուցեց մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը, նշելով «Աբուլ» ֆուտբոլային թիմի ձեռքբերումները։ 2024 թվականի փետրվարի 23-ին Ախալքալաքի մարզադպրոցը պայմանագիր է կնքել Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ, որպեսզի նրանք մարզեն Ախալքալաքի երեխաներին։ Դպրոցի տնօրենը որպես խնդիր նշեց դպրոցի մարզիչների ցածր աշխատավարձը: