Ամանորի նախօրեին Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի մունիցիպալիտետի կարիքավոր մարդկանց ու ընտանիքներին։ Սոցիալական ծառայությունն անձանց ցուցակը կազմել է ըստ իր տվյալների բազայի։

Ընդհանուր առմամբ, կարիքավորներին ամանորյա նման նվերի համար, քաղաքապետարանը հատկացրել է շուրջ 93 600 լարի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունը որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող որոշ բնակիչների կտրամադրի միանվագ դրամական օգնություն։ Ընդհանուր առմամբ նվեր կստանա 274 մարդ։

«Մենք ունենք ցուցակ և տվյալների բազա, նայում ենք և այնտեղից ընտրում նրանց, ովքեր համապատասխանում են մեր պահանջներին՝ դրամական օգնություն տրամադրելու համար»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանը։

Միանվագ դրամական օգնություն կստանան հետևյալ սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք.

• Մինչեւ 18 տարեկան սահմանափակ կարողություն ունեցող երեխաները՝ 114 հոգի կստանան 250-ական լարի

• Մինչև 18 տարեկան երկկողմանի ծնողազուրկ երեխաները՝ 4 հոգի (3 ընտանիք), յուրաքանչյուրը կստանա 1000 լարի

• Միակողմանի ծնողազուրկ երեխաները՝ 119 անձ, յուրաքանչյուրը կստանա 250 լարի

• Փախստականներ՝ 34 մարդ՝ յուրաքանչյուրը 100-ական լարի

• 100 տարեկանից բարձր տարեցները՝ 3 հոգի՝ 500-ական լարի

• Մունիցիպալիտետի բազմազավակ ընտանիքները՝ 74 ընտանիք կստանա 200-ական լարի։

Հատկացված գումարը երկու օրվա ընթացքում կփոխանցվի շահառուների հաշվեհամարներին։