Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի հանրային դպրոցի վերանորգման աշխատանքները շուտով կսկսվեն, ըստ այդմ՝ աշակերտները կհաճախեն Սուլդա գյուղի դպրոց։ Սուլդայի դպրոցը դասվում է այն կրթօջախների շարքին, որոնց մասին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Համաձայն այդ հայտարարության՝ Վրաստանում կկառուցվի և կնորոգվի ընդհանուր առմամբ 800 դպրոց։ Կկառուցվի 80 նոր, ամբողջությամբ կնորոգվի 220, մասամբ կնորոգվի 500 դպրոց։
Դադեշի հանրային դպրոցի տնօրեն Սուրեն Հակոբյանի խոսքով, վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեն հոկտեմբերի 1-ից։ Իսկ դպրոցի աշակերտական և ուսուցչական կոլեկտիվը կտեղափոխվի Սուլդայի հանրային դպրոց՝ երկրորդ հերթափոխով։
«Ամբողջական վերանորոգում է իրականացվելու։ Աշակերտները հոկտեմբերի 2-ից կտեղափոխվեն Սուլդայի հանրային դպրոց։ Երկրորդ հերթափոխով ենք հաճախելու։ Այդ ամենի համար բոլոր փաստաթղթերը պատրաստ են, նախարարությունը թույլ է տվել մեզ դասերը անցկացնել Սուլդայի դպրոցում»,– ասում է Դադեշի դպրոցի տնօրենը։
Հակոբյանը նշում է՝ Ախալքալաքի քաղաքապետարանը ևս գումար է հատկացրել աշակերտներին տրանսպորտով ապահովելու համար։
«Ընդհանուր նախագծից լավ տեղյակ չեմ, ինչքան գիտեմ, կքանդվի հին դպրոցը, որի տեղը հնարավոր է լինի գրադարան կամ բուֆետ, դեռ չգիտենք, պետք է նաև սպորտ հրապարակ կառուցեն երեխաների համար», – ավելացրեց տնօրենը։
Նորոգումը կտևի մեկ տարի, տեղի կունենա ընդհանուր նորոգում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Հակոբյանը հավելեց, որ պայմանագիրը Սուլդայի դպրոցի հետ կնքած է այս ուսումնական տարվա սկզբից, մինչև ուսումնական տարվա ավարտ՝ հունիսի 15-ը։
Դադեշի դպրոցում սովորում է 106 աշակերտ, աշխատում է 25 մանկավարժ։
Այս տարի Դադեշի հանրային դպրոց հաճախել է 9 առաջին դասարանցի, ավարատել է նույնքան աշակերտ։ Ավարտականներից 7-ն արդեն ուսանողներ են։
Նշենք նաև, որ նույն նախագծի շրջանակներում այս տարի կվերանորոգվի նաև Ալաստան և Կոթելիա գյուղերի հանրային դպրոցները։
Թե ո՞ր հիմնադրամի միջոցներով է իրականացվելու վերոնշյալ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կներկայացնենք մեր հաջորդ հոդվածում։