Օգոստոսի 30-ից հրապարակվել են միասնական ազգային ​​քննությունների վերջնական արդյունքները, այդ թվում նաև տեղեկություն պետական դրամաշնորհ ստացած ուսանողների մասին:

Ախալքալաքի թիվ 1, 2, 3, 4 և 5 դպրոցներում, ընդհանուր առմամբ 13 դիմորդներ են դրամաշնորհ ստացել, ովքեր ընդունվել են Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մասնավորապես. Թումանյանի անվան թիվ 1 դպրոցից 3 դիմորդ ստացել է պետական 100 տոկոսանոց դրամաշնորհ, նրանք են՝ Դավիթ Եսոյանը, Ռիփսիմե Հակոբյանը և Մելս Պողոսյանը:

Ռուբեն Տեր Մինասյանի անվան թիվ 5 դպրոցից (նախկին գիշերօթիկ) 100 տոկոսանոց դրամաշնորհ է ստացել 3 դիմորդ, նրանք են՝ Արման Մարգարյանը, Շուշաննա Ավետիսյանը և Օվսաննա Սահակյանը:

Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցից 100 տոկոսանոց դրամաշնորհ է ստացել 5 դիմորդ, նրանք են՝ Ջուլետտա Ունանյանը, Երանուհի Յանդյանը, Արաքսյա Մանվելյանը, Գևորգ Հարությունյանը և Էմիլիա Արաբյանը:

Թիվ 2 (ռուսական) դպրոցից դրամաշնորհ ստացողներ չկան:

Իսկ Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցից երկու դիմորդ՝ Մերի Ալելիշվիլին և Գուլիկո Մարտիաշվիլին ստացել են 50 տոկոսանոց դրամաշնորհ: Սակայն բազմաթիվ ուսանողներ, ովքեր ընդունվել են պետության կողմից առանձնացրած անվճար ֆակուլտետներ, կսովորեն անվճար, չնայած որ դրամաշնորհ չունեն:

Jnews-ը զրուցել է 100 տոկոսանոց դրամաշնորհ ստացած ուսանողներից Արաքսյա Մնավելյանի և Մելս Պողոսյանի հետ:

Արաքսյան նախնական կրթությունը ստացել է թիվ 4 հանրային դպրոցում: Այն ավարտել է ոսկե մեդալով, դպրոցական տարիներին ակտիվ մասնակցել է տարբեր ծրագրերի, կատարել է կամավորական աշխատանքներ:

Արաքսյան հիշում է, որ քննության ժամանակ հանգիստ է եղել, վստահ լինելով սեփական ուժերի վրա, իսկ երբ ստացել է դրամաշնորհ ստանալու նորությունը զգացել է իր կատարած աշխատանքի կարևորությունն ու արդյունքը: Նա արդեն Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի է, նա կսովորի անվճար:

«Շատ երջանիկ եմ, որ կողմնորոշվեցի և հասկացա, թե ի՞նչ է պետք ինձ այս կյանքում և մինչև վերջ պայքարելու եմ երազանքներիս և նպատակներիս համար: Կարծում եմ ընդունվելը ամենաառաջին և ամենահեշտ քայլն էր, քանի որ ապագայում ավելի դժվար է լինելու, բայց դա ինձ չի վախեցնում», – ասում է Արաքսյա Մանվելյանը:

Չամդուրա գյուղից Մելս Պողոսյանը սովորել է թիվ 1 հանրային դպրոցում: Նա նույնպես դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, ապա հավաքելով 62 միավոր՝ անվճար ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան:

«Չեմ կարող նկարագրել, թե ինչ էմոցիաներ էին, երբ տեսա քննությանս արդյունքը, անչափ ուրախ և գոհ էի կատարածս աշխատանքից, առաջին քայլն արված է, այժմ մտածում եմ ապագա ծրագրերիս մասին»,- ասում է նա:

Մելսը վրաց լեզվի մեկամյա ծրագիրն ավարտելուց հետո ուզում է մասնագիտանալ օտար լեզուների և տուրիզմի ոլորտում, ուզում է զբոսավար դառնալ: Նրա կարծիքով, առաջին մի քանի ամիսներին կլինեն բարդություններ, հետո ամեն ինչ կամաց-կամաց կընկնի իր հունի մեջ:

«Ընտանիքից հեռու ապրելը և ինքնուրույն մարդ լինելը նույնպես բարդ է, դժվար կլինի նաև ինտեգրվել և վրացերենին լիարժեք տիրապետելու ընթացքը, բայց ամեն բան հաղթահարելի է»,- ասում է նա:

Մելսը հաջորդ տարվա դիմորդներին խորհուրդ է տալիս լավ պատրաստվել, չլարվել և վստահ լինել սեփական ուժերի և գիտելիքների վրա:

Հիշեցնենք, որ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ ընդհանուր ունակությունների հայերեն քննությանը մասնակցել էր 557 դիմորդ, նրանցից 24.24%-ին չէր հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը: