Ախալքալաքի 1-ին և 2-րդ հանրային դպրոցներից 4 աշակերտ մասնակցել են Թբիլիսիի «ՄԱԿ-ի մոդել» դերային խաղին և այժմ կանցնեն դասընթացավարների կողմից վերապատրաստումը, որպեսզի սովորեցնեն այլ երեխաների մասնակցել խաղին, որի նպատակն է ամուր կապեր պահպանել ՄԱԿ-ի և «ՄԱԿ-ի մոդել» խաղի մասնակիցների միջև ամբողջ աշխարհում և երիտասարդներին ներգրավելով գլոբալ խնդիրների լուծմանը:
«ՄԱԿ-ի մոդելը» դա հանրաճանաչ դերային խաղ է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ՄԱԿ-ի աշխատանքի մասին: Ամեն տարի մասնակցում են հարյուր հազարավոր ավագ դպրոցի և քոլեջի ուսանողներ ամբողջ աշխարհով՝ կրթական բոլոր մակարդակներում: Այսօրվա իրավագիտության, կառավարության, բիզնեսի և արվեստի ոլորտի առաջատարներից շատերը, ներառյալ հենց ՄԱԿ-ում, մասնակցել են «ՄԱԿ-ի մոդել» ծրագրին ուսանողական տարիներին:
Կարինա Գալոյանը երիտասարդական տարբեր նախագծերի ու ծրագրերի ակտիվ մասնակից է և տարբեր խմբերի անդամ, որտեղից էլ իմացել է այս հնարավորության մասին։
«Տեսա ծրագրի մասին տեղեկատվություն և որոշեցի ավելի մանրամասն իմանալ, թե այդ ինչ նախագիծ է: Մենք անցանք հղումով և գրանցվեցինք: Ես պետք է գրեի մոտիվացիոն նամակ և անցնեի ընտրության գործընթացը, հետո ինձ զանգահարեցին և ասացին, որ ես անցել եմ ու հրավիրեցին թրեյնինգի»,- պատմում է Կարինան։
Առաջին փուլում ծրագրի մասնակիցները պետք է վերապատրաստում անցնեին Ախալքալաքում, որպեսզի ծանոթանային, թե ինչ է ՄԱԿ-ը, ինչպես է գործում այս կազմակերպությունը և իրար միջև անցկացնեն «ՄԱԿ-ի մոդել»-ը:
«Մեզ ասացին՝ ով լավ հանդես գա, նա էլ կներկայացնի Ախալքալաքը Թբիլիսիում: Դրանից հետո մենք 4 շաբաթից ավել գնացինք թրեյնինգների և իմացանք, թե ինչ է իրենից ներկայացնում այս խաղը»,- պատմում է Կարինան։
Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում էր որոշակի երկիր, և «մոդելի» ընդհանուր թեման գլոբալ տաքացումն էր։ Յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացներ իր դիրքորոշումը, իսկ հետո երեխաները խմբերով աշխատեցին բանաձև մշակելու համար:
ՄԱԿ-ի Վրաստանի ներկայացուցիչները Թբիլիսիից եկել էին Ախալքալաքում կազմակերպված «ՄԱԿ-ի մոդել»-ին և ընտրել մասնակիցներին Թբիլիսիում անցկացվող հիմնական «Մոդելի» համար։
Մասնակիցներ դարձան Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները՝ Կարինա Գալոյանը, Լուսինե Մարգարյանը, Անդրանիկ Մնացականյանը, Սանասար Ռստակյանը։
«Մենք ներկայացնում էինք Աֆղանստանը, Ֆինլանդիան, Բրազիլիան, Սենեգալը։ Մոդելի թեման միգրացիոն ճգնաժամն էր։ Մեզանից յուրաքանչյուրը ելույթ ունեցավ հսկայական լսարանի առջև։ Մասնակիցներ կային Վրաստանից»,- ասում է Կարինան։
Նախագծից հետո Կարինան որոշեց, որ ցանկանում է ձեռք բերած փորձով կիսվել ախալքալաքցի այլ երիտասարդների հետ։
«Մենք ուզում ենք հաջորդ մոդելին գնալ ոչ թե որպես մասնակիցներ, այլ որպես դասընթացավարներ, մենք պետք է վերապատրաստվենք դասընթացավարների համար, սա կլինի մայիսի վերջին, այնուհետև մենք կանցկացնենք դասընթացներ այլ աշակերտների համար»:
Կարինան նշում է, որ խաղին մասնակցելը նրանց հնարավորություն է տվել շփվել տարբեր մարդկանց հետ, բարելավել հաղորդակցման հմտությունները, իմանալ, թե ինչպես է գործում ՄԱԿ-ը և դառնալ գլոբալ քաղաքական գործընթացի մաս։ Սա նրանց համար դարձավ անգնահատելի փորձ, որը նրանք կփոխանցեն նոր սերունդներին։
Միավորված ազգերի կազմակերպության Վրաստանի ասոցիացիան մոդելավորում է ՄԱԿ-ը` համագործակցելով Բաքսվուդի միջազգային դպրոցի հետ և ԱՄՆ ՄԶԳ-ի «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի աջակցությամբ:
ՄԱԿ-ի մոդելավորումը 1995 թվականից ՄԱԿ-ի Վրաստանի ասոցիացիայի շարունակական ծրագիրն է, որը ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFUNA) մշակած մեթոդաբանության հիման վրա հարմարեցվել է բարձրագույն կրթության ուսանողների և դրոցների ավարտական դասարանի սովորողների համար: