Ախալքալաքի Զինվորական ծառայությունում հանդիսավոր կերպով զինվորական գրքույկներ ստացան 7 երիտասարդ, ովքեր զորացրվել էին մարտ ամսին: Չնայած վրացերենի չիմացության պատճառով ծառայության ընթացքում խնդիրներ են ունեցել, սակայն գոհ են:
Յոթ երիտասարդ՝ Խավեթ, Սամսար, Գոման, Դիլիսկա, Տուրցխ գյուղերից, մեկ տարի ծառայությունից հետո վերադարձել են տուն: Ախալքալաքի Զինվորական ծառայության պետ Ռուբիկ Աբաջյանը հանդիսավոր կերպով կարդում էր երիտասարդների անունները, գովաբանում օրինակելի ծառայության համար, և, նրանց էր հանձնում զինվորական գրքույկները:
Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղից Սամվել Իգիթյանը նշում է՝ ծառայության մեջ անցկացրած մեկ տարին շատ կարևոր է: Չնայած եղել լեզվի չիմացության հետ կապված խնդիրներ, սակայն ամեն ինչ հաղթահարելի է:
«Ծառայել եմ Ախալցիխեում: Ծառայությունը ավարտեցինք, եկանք, հիմա էլ պահն է եկել, որ զինվորական գրքույկներս վերցնենք, Երբ նոր էինք զորակոչվել համարյա վրացերեն չգիտեինք, այդ պատճառով, ով, ինչ ասում էր չէինք հասկանում: Դժվար ես ընկալում, ինչը շատ վատ է, քեզնից անկախ կռիվների, վատ իրավիճակների մեջ ես հայտնվում: Բայց ժամանակի հետ ամեն ինչ հարթվում է», – պատմում է 20 օր առաջ զորացրված Սամվել Իգիթյանը:
Վերջինս նշում է ծառայության ամենաբարդ շրջանն առաջին երեք ամիսն է:
«Առաջին երեք ամիսն էր դժվար, նոր կարգուկանոնին հարմարվել, հետո արդեն ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում», – նշում է Սամվելը:
2019 թվականի առաջին եռամսյակում Ախալքալաքի շրջանում 200-ից ավելի երիտասարդ ծանուցագիր է ստացել, սակայն ծառայության է մեկնել 43 զինակոչիկ:
«Այս տարի արդեն երեք փուլով ուղարկել ենք: Առաջինը՝ փետրվարի 14-ին, մարտի 6-ին և մարտի 15-ին, հաջորդ փուլը ապրիլի 11-ն է: Այսօրվա տվյալներով զինվորական ծառայության են մեկնել 43 հոգի»,- ասում է Ախալքալաքի Զինվորական ծառայության պետ Ռուբիկ Աբաջյանը:
2019 թվականին ծանուցագիր ստացած 200 երիտասարդից 33-ը 2000-ական լարի է վճարել զինվորական ծառայությունը 18 ամիս հետաձգելու համար:
2018 թվականին Ախալքալաքի շրջանից 110 երիտասարդ է զորակոչվել:
Ախալքալաքի Զինվորական ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 2018 թվականին 411 երիտասարդ ծանուցագիր է ստացել: Նրանցից միայն 110-ն է մեկնել ծառայության, որից 2-ն ալտերնատիվ ծառայության է զորակոչվել, հիվանդության պատճառով 32 երիտասարդ տարեկետում է ստացել, 238-ն ուսանող է եղել, 26 զինակոչիկ արտասահմանում է գտնվել: 411-ից 3-ը այլ երկրի քաղաքացի են, իսկ 42 երիտասարդ էլ 2000-ական լարի են վճարել զինակոչը 18 ամիսով հետաձգելու համար:
Նշենք, որ նույն երիտասարդն ընդամենը երկու անգամ կարող է 2000 լարի մուծել և հետաձգել ծառայությունը, մինչև 25 տարին լրանալը:
Ախալքալաքից զինվորական ծառայության են մեկնում՝ Ներքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն և Արդարադատության նախարարություն:
Վրաստանում զինակոչի տարիքը 18-ից մինչև 27 տարեկանն է: