Երեկ՝ մարտի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որտեղ HEKS EPER Georgia կազմակերպությունը զեկուցեց, «Քաղաքացիական հասարակության հզորացում հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքին հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետում երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին։
Հանդիպմանը ներկա էին շրջանի հասարակական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ։
Ծրագրի ղեկավար Գիորգի Ակիաշվիլին խոսեց նախագծի, իրականացված աշխատանքների և ծրագրի միջանկյալ արդյունքների մասին։
Ծրագիրը սկսվել է 2022 թվականին և կավարտվի 2025 թվականի կեսերին։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ փոքր բիզնեսի ֆինանսավորում։ Այս ծրագրի շրջանակներում Ախալքալաքում առաջին անգամ նախաձեռնվել է քաղաքացիական բյուջե։
«Առավել արդյունավետ պլանավորել տեղեկատվական արշավներ, որպեսզի ներառականությունն այս գործընթացում մեծանա: Սա կլինի հիմնական խնդիրը 2024 թվականին: Տարեվերջին մենք կկարողանանք վերլուծել ընդհանուր և միջանկյալ արդյունքները, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել
քաղաքացիական հատվածում, ինչ մարտահրավերներ են բացահայտվել առ այն, որ HEKS EPER Georgia-ն և այլ ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության և այլ գործընկեր կազմակերպությունների կողմից, կարող են աշխատել այս մունիցիպալիտետներում քաղաքացիական ներգրավվածության, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների կարիքների համար», – ասաց HEKS EPER Georgia ծրագրի համակարգող Օլգա Էնդելաձեն:
Սամցխե-Ջավախքում գործող գործընկեր կազմակերպության «Քաղաքացիական համայնքների ձևավորման աջակցության կենտրոնի» (SCCSF) ներկայացուցիչ Նինո Ռուխաձեն ներկաներին պատմեց այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերի քանակի մասին:
Ծրագրի շրջանակներում HEKS EPER Georgia-ն ֆինանսավորել է նաև բիզնես նախագծեր: Սամցխե-Ջավախքում ֆինանսավորվել է 35 փոքր բիզնեսի նախագիծ, իսկ Ախալցիխեում՝ 1 միջին բիզնես նախագիծ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆինանսավորվել է 10 ծրագիր, Նինոծմինդայում՝ 5, իսկ Ախալցիխեում՝ 21։
Օլգա Էնդելաձեի խոսքով՝ ֆինանսավորվող բիզնես նախագծերի հիմնական մասը գնումներ են, դրանք սարքավորումներ են, որոնք անհրաժեշտ են բիզնեսի զարգացման համար։
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններում HEKS-EPER Georgia կազմակերպությունը ծրագիրն իրականացնում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: