Ախալքալաքի հոսպիտալում նոր սպասարկում կա։ Հոսպիտալը ձեռք է բերել նոր, ժամանակակից սարքավորում՝ Էխոկարդիոգրաֆիա։
Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանն ուրախությամբ է հայտնում նոր սարքավորման ձեռքբերման լուրը։
«Այս էխոկարդիոգրաֆիայի սարքավորումն իր ցուցիչով (դատչիկով) մենք ստացել ենք մոտ ամիս ու կես առաջ, մինչ դա մենք հիվանդներին հետազոտման համար ուղարկում էինք այլ կլինիկաններ։ Էխոկարդիոգրաֆիան էլեկտրոկարդիոգրաֆիայի կատարելագործված ձևն է: Այսօր էլեկտրոկարդիոգրաֆիան այդքան տեղեկություն չի կարող բժշկին ներկայացնել, որպեսզի բժիշկը կողմնորոշվի։ Ժամանակակից բժշկության մեջ ամենատարածված և ամենաբարձրակարգ հետազոտությունն էխոկարդիոգրաֆիան է։ Ինչպես այսօր մեր մոտ կատարվում է ուլտրաձայնային էխոսկոպիկ հետազոտություն՝ լեղապարկի, երիկամների, միզապարկի, որովայնի խոռոչի, լիարդի, փայծաղի և այլնի, այս սարքավորումով այդ կարգի, ավելի խորացված կատարվում է սրտի Էխոկարդիոգրաֆիա։ Այսինքն՝ էկրանի վրա բժիշկը տեսնում է սրտի ամբողջ աշխատանքը, արյան շրջանառությունը սկսած 0-ից մինչև վերջ, և բոլոր կատարվելիք փոփոխությունները, որոնք տեղ են գտել այդ հիվանդի մոտ, ամբողջությամբ երևում է, արդեն բժշկին հեշտ է՝ և ախտորոշել, և ճիշտ խորհուրդներ տալ, որպեսզի հիվանդը կարողանա ժամանակին մասնագիտական օգնություն ստանա», – ասում է Թորոյանը։
Հոսպիտալը ժամանակակից, նոր սարքավորումներով համալրվելու պլան ունի: Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, ի հայտ են գալիս նոր սպասարկման ձևեր, որն էլ ժողովուրդն ինքն է պահանջում է։
Ախալքալաքում էխոկարդիոգրաֆիա կատարելու համար հոսպիտալի բժիշկ Հակոբ Չախմախչյանը արդեն սերտիֆիկացված մասնագետ է։
«Մեր բժիշկը՝ Հակոբ Չախմախչյանը վերապատրաստվել է։ Նա 4 ամիս ու կես Թբիլիսիի ամենաբարձրակարգ մասնագետների մոտ անցել է վերապատրսատում, հաջող հանձնել է հետպատրաստման քննությունները և ստացել է համապատասխան սերտիֆիկատ», – ավելացնում է Թորոյանը։
Ըստ մասնագետի այս սարքավորման պահանջարկը մեր շրջանում առկա էր։
«Այս սարքավորումը մեզ հնարավություն էր տալիս նայելու սիրտը, այսինքն՝ էխոկարդիոգրաֆիա անելու։ Ես գնացի վերապատրսատման, հիմա մենք արդեն այդ հնարավորությունն ունենք, որ սիրտը նայենք։ Ճիշտ է սրտաբանական բաժին չունենք, բայց մեզ այդ ցուցիչը (դատչիկը) պետք է այնքանով, որ սրտի պաթոլոգիանները ժամանակին բացահայտենք և հիվանդներին ուղղություն տանք, ո՞ւր գնան, ի՞նչ անեն։ Բացի դրանից, մեր մոտ պառկած բոլոր հիվանդների սրտերը նայում ենք։ Պահանջարկը շատ էր», – հավելում բժիշկ Հակոբ Չախմախչյանը։
Ախալքալաքի հիվանդանոցում էխոկարդիոգրաֆիա կկատարեն սկսած մայիսի 17-ից:
Գայանե Ակոջյան