Այսօր՝ մարտի 19-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա, Կորխ, Թոթխամ, Արագվա, Մաջադիա, Փոքր Խորենիա և Բավրա գյուղերի բնակիչները, որոնց երեխաները հաճախում են Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ, հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց և ուզում էին իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ այն տարածված խոսակցության շուրջ, որ իրենց երեխաները ժամանակավոր չպետք է հաճախեն մանկապարտեզ, որպեսզի այդ մանկապարտեզ հաճախեն քաղաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների սաները։ Բանն այն է, որ թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները կապիտալ վերանորոգման պատճառով ժամանակավոր փակվում են։ Ծնողները քաղաքապետից հավաստիացում ստացան, որ իրենց երեխաներն անխոչընդոտ կշարունակեն հաճախել թիվ 3 մանկապարտեզ։

Խնդիրը կայանում է նրանում, որ ծնողների շրջանակներում տարածվել է տեղեկություն, որ իրենց երեխաները մի քանի ամիս չպետք է հաճախեն մանկապարտեզ, որպեսզի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների սաները կարողանան հաճախել, ինչը անհանգստացրել է ծնողներին։

Jnews-ին էին դիմել ծնողներ, որոնք ցանկացել են գրանցել իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկելու համար, սակայն նրանց ասել են, որ չեն գրանցում, քանի որ ապրիլի 1-ից սկսած իրենց երեխաները մի քանի ամիս չպետք է հաճախեն այդ մանկապարտեզ։

«Մենք այսօր եկել ենք այստեղ ներկայացնելու մեր հարցը, մեզ հասել է տեղեկություն այն մասին, որ մեր երեխաները մի 6 ամիս չպետք է հաճախեն մանկապարտեզ, որպեսզի այնտեղ հաճախեն թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների երեխաները։ Մեր մոտ հարց է առաջանում, քաղաքի երեխան երեխա՞ է, մեր երեխան երեխա չէ՞։ Ասել են աշխատող ծնողների երեխաներին են ընտրելու, որպեսզի ժամանակավոր հաճախեն մեր մանկապարտեզ, ինչ է գյուղի երեխաների ծնողները չեն աշխատում, բոլորն էլ աշխատում են։ Ասում են կարող եք դուք գործի գնալիս երեխային հարևանի մոտ թողնել, դա ի՞նչ ասելու բան է։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր երեխաները կրթություն ստանան, առաջնահերթը դա է։ Պետության համար բոլոր երեխաները հավասար են», – ասում են ծնողները։

Ծնողներն այնքան սպասեցին մինչև քաղաքապետ Մելքոն Մակարյանը եկավ նրանց հետ հանդիպման։

2

Քաղաքապետը ասաց․ «Ես նմանատիպ պատասխան ոչ ոքի չեմ տվել։ Այսօրվա դրությամբ, այն երեխաները, որոնք հաճախում են թիվ 3 մանկապարտեզ, կշարունակեն հաճախել, այստեղ գյուղն ու քաղաքը կապ չունի։ Երկու մանկապարտեզ փակվում են վերանորոգման նպատակով։ Մեծ ձեռքբերում է, որ մեր շրջանին 7 մլն լարի է հատկացվում, որպեսզի այդ երկու մանկապարտեզները կապիտալ վերանորոգենք։ Տեղական բյուջեից չենք ծախսի, ինչով էլ վաղը, մյուս օրը մի գյուղում մանկապարտեզ կկառուցենք, բազմաթիվ ծրագրեր ունենք։ Իսկ մյուս երկու մանկապարտեզների երեխաները, մեր հնարավորությունների սահմաններում, որոնց ծնողներն աշխատում են, ովքեր սոցիալապես անապահով են, հաշմանդամություն ունեն, հատուկ ցանկ կկազմենք և, այդ ցանկի համապատասխան էլ այդ երեխաներին կընդգրկենք թիվ 3 մանկապարտեզ, բայց ոչ ձեր երեխաների հաշվին»։

Մակարյանը նաև նշեց, որ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում, երեխաներին տեղափոխող տրանսպորտում անպայման պետք է լինի ծնող, իսկ եթե ծնողների փոխարեն ուրիշ մարդ է երեխաներին տանելու-բերելու, ապա ցանակացած երեխայի համար պետք է ունենա հավաստագիր, իսկ եթե հավաստագիր չունենա, ապա չի կարող երեխաներին ուղեկցել մանկապարտեզ։

Այս թեմայով կարդացեք նաև՝ Ախալքալաքում երկու մանկապարտեզ կփակվի վերանորոգման համար