Ապրիլի 17-ի երեկոյան Արագվա գյուղի բլուրների մոտ բռնկվել էր հրդեհ: Ինչպես հաղորդում է Ախալքալաքի շրջանի պաշտոնական կայքը, ժամը 21:00-ին հրդեհը հանգցված էր տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունների և շրջակա գյուղերի կամավորների համատեղ ջանքերով:
akhalkalaki.ge-ի տեղեկատվության համաձայն 16:00-ի սահմաններում գյուղի բնակիչները նկատել են հրդեհ անտառային գոտում: Հրդհեի հանգցմանը Ախալքալաքի փրկարարների հետ միասին մասնակցել են նաև Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցիխեի փրկարարական ծառայությունները և տեղի ոստիկանության աշխատակիցները:
Արագվա, Գոման, Օրջա, Մաջադիա գյուղերի երիտասարդները, մոտ 300 մարդ օգնել են հանգցնել հրդեհը: Փրկարարական աշխատանքներին են միացել նաև շրջանի ղեկավարությունը և Խորհրդարանի պատգամավորը: Բորբոքված հրդեհը արագ տարածվել էր դեպի արոտավայրերը, քամին տարածել էր կրակը զգալի արագությամբ, հրդեհի օջախը հասանելի չէր հատուկ սարքավորումներին: Միացյալ ջանքերով հրդեհը հաջողվել է հանգցնել 21.00-ին: Պետական անտառային ֆոնդին և արոտավայրերին կրակը զգալի վնասներ է հասցրել: Արագվա գյուղի լիազորի խոսքով հրդեհը տարածվել է մոտ 100 հա տարածությամբ: Հրդեհի պատճառը հայտնի չէ, կատարվում է նախաքննություն: Տուժածներ չկան: