Մարտի 18-ին Թբիլիսիի Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Նռան գույնը» ներկայացումը, որը նվիրված էր թբիլիսահայ լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100–ամյակին։ Ներկայացման կազմակերպման գործում իրենց նշանակալի դերն ունեցան Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունները, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտը և TBC բանկը։
Թատրոնի դահլիճը լի էր մարդկանցով, ովքեր մեծ ոգևորությամբ էին հետևում ներկայացմանը, իսկ բեմից ոչ մի ջանք չէր խնայվում հանդիսատեսին կլանելու ներկայացման մեջ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան:
Ելույթ ունեցավ նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ընդգծելով ներկայացման կարևորության և Փարաջանովի դերը երկու երկրների հարաբերություններում:
Հիշեցնենք, որ «Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի ամենահայտնի ֆիլմն է. գուցե այն պատճառով, որ նվիրված է դեռևս ուշ միջնադարից մեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովային։
«Նռան գույնը» ֆիլմից 56 տարի է անցել, սակայն մինչ օրս այն չի դադարում կորցնել իր կարևորությունն ու ուրույն տեղը:
«Նռան գույնը» կամ, ինչպես հենց սկզբից ֆիլմը վերնագրել է Փարաջանովը, «Սայաթ Նովան» նկարահանվել է 1968 թվականին։ Նկարահանումները մեծ մասամբ կատարվել են Սանահինում և Հաղպատում։ Փարաջանովի անկանխատեսելի, անսովոր տաղանդին ծանոթ ստեղծագործական խումբն անգամ նկարահանումների ժամանակ լիարժեք չի պատկերացրել, թե ինչ է ուզում ռեժիսորը, ոչ ոք հստակ չի իմացել՝ վերջնարդյունքն ինչ է լինելու։ Բոլորը պարզապես կատարել են Փարաջանովի հրահանգները՝ ներքուստ քաջ գիտակցելով, որ տարօրինակ հանճարը առնվազն հերթական գլուխգործոցն է ստեղծելու, և իրենք՝ յուրաքանչյուրն իր չափով, մասնակցում է կինոարվեստի նոր էկրանավորմանը։
Փարաջանովյան ֆիլմերը, կոլաժները, նրա «Նռան գույնը» մարդու ստեղծարար, զգացական, մտավոր ու հոգևոր աշխարհի արդյունքն են: