Հուլիսի 1-ից 10-ը «Ջավախք» ազգագրական համույթը և Վաչիանի պարային համույթը մասնակցում էին «Կովկասյան փառատոնին», որը կազմակերպել էր Վրաստանի պարարվեսի միությունը և Մշակույթի նախարարությունը։ Ամեն տարի այն անցկացվում է Վրաստանի ծովափնյա քաղաքներում։
Փառատոնը մրցութային բնույթի չի եղել, և այն արդեն ութերորդ տարին է ինչ անցկացվում է։ Այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն են բերել 130 պարային խմբեր, սակայն ոչ բոլորն են մասնակցել փառատոնի փակման արարողությանը։
««Ջավախք» ազգագրական անսամբլը մասնակցել է այդ փառատոնին, որի շրջանակներում տասը օր մնացինք և հանդես եկանք վեց համերգով։ Փառատոնի բացումը եղավ Փոթիում։ Լավագույնն այն էր, որ շատ խմբերի ղեկավարներ մոտենում էին և ասում, որ ամենաշատ ձեր խումբն ենք հավանում, որովհետև այն բազմատեսակ է։ Ասեմ, որ մեր շրջանից նաև մասնակցում էր Վաչիան գյուղի պարային խումբը, նրանք էլ մասնակցեցին փակման արարողությանը և շատ գեղեցիկ ելույթ ունեցան»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Մշակույթի տան վարիչ, «Ջավախք» ազգագրական անսամբլի ղեկավար Ալիկ Քսպոյանը։
Վաչիանի պարային խումբը փառատոնին մասնակցել է միայն հինգ օրով: Ինչպես «Ջավախք» ազգագրական պարային համույթի անդամները, այնպես էլ Վաչիանի համույթի մասնակիցները, յուրաքանչյուրը 150 լարի փող է ներդրել մրցույթին մասնակցելու համար։
«Ջավախք» ազգագրական համույթը փառատոնին մասնակցել է սկզբիս մինչև վերջ, այսինքն 10 օր, քանի որ Ախալքալաքի տեղական իշխանությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:
Ջուլիետա Տոնականյան