Հավլաբարի Էլյա թաղամասի առանձնատներից մեկում հայտնաբերվել է հայտնի Մելիքովների գերդաստանից Լորիս-Մելիքովի տապանաքարը։ Զուրաբ Բիբիլաշվիլին է իր տան բակում գտել տապանաքարը, որն արդեն կիրակի տեղափոխվել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ։ Փոխանցում է Ալիք Մեդիան:»

Տապանաքարը եկեղեցու բակ է տեղափոխվել հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի և ընկերների ջանքերով: Չիդիլյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշել է, որ տապանաքարը շատ հազվագյուտ է, քանի որ այն պատրաստված է պողպատից։

«Տապանաքարը հայտնաբերած անձինք արդեն 20 տարի ապրում են այդ տանը և տան վերանորոգման ժամանակ հայտաբերել են այն։ Այնուհետև մեր հետ կապ հաստատեցին և մենք արագ այն տեղափոխեցինք եկեղեցու բակ», – ասում է Չիդիլյանը:

IMG-5742-1

Չիդիլյանը նշում է, որ Գևորգ Լորիս-Մելիքովը մահացել է 1860 թվականին, հետևաբար տապանաքարն ունի շուրջ 160 տարվա պատմություն։ Ըստ Չիդիլյանի՝ Գևորգ Լորիս-Մելիքովը հնարավոր է թաղված է եղել Խոջիվանքի գերեզմանատանը և տապանաքարն ինչ-որ մեկը փրկել է 1936-38 թթ․ ոչնչացումներից։

«Տապանաքարը շատ լավ է պահպանվել, ոչ մի վնասվածք չունի, թեև հողի մեջ է եղել»,- ասում է Չիդիլյանը։

IMG-5771-1

«Ալիք Մեդիան» հետաքրքրվել է, արդյո՞ք մտադիր են տապանաքարը տեղափոխել Խոջիվաքի գերեզմանատուն, Չիդիլյանը նշել է, որ նպատակահարմար են համարում այն պահել եկեղեցու բակում՝ որպես թանգարանային նմուշ:

«Այն շատ հազվագյուտ է, նման տապանաքար ես տեսել եմ միայն Սիխնախի հայկական եկեղեցում»։

Մելիքովների գերդաստանն ամենահայտնի ու ազդեցիկներից էր Ռուսական կայսրության ժամանակ։ Գերդաստանի ներկայացուցիչներից էին նաև բարձրաստիճան զինվորականներ Միքայել և Գևորգ Լորիս-Մելիքովները։