Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ 2024-2025 ուսումնական տարվանից վրացերեն լեզվի ուսուցման կրթական ծրագրում (1+4) ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը պետական կրթական դրամաշնորհը կրկնապատկվել է. 100 հայալեզու և 100 ադրբեջանալեզու ուսանողների փոխարեն ամեն տարի ֆինանսավորում կստանա 200-200 ուսանող։
Նշենք, որ ադրբեջաներենի և հայերենի թեստերի արդյունքներով, «1+4» կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը կազմում է 450-450 հազար լարի, ֆինանսավորման չափը տարեցտարի կավելանա։
«Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության գլխավոր առաջնահերթություններից է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կրթության հասանելիության բարձրացումը։ Այդ նպատակին է ծառայում «1+4» կրթական ծրագրի շրջանակներում ուսանողների ֆինանսավորման ծավալների կրկնապատկումը», – ասվում է հայտարարության մեջ։
Որակյալ կրթության հասանելիությունը և պետական լեզվի իմացությունը կարևոր պայմաններ են, որոնք պայմանավորում են էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածությունը հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Այդ ծրագրերից ամենաարդյունավետը դեռևս մնում է «1+4» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդներին քննություն հանձնել իրենց ցանկալի լեզվով:
Ինչպես գիտեք, «1+4» կրթական ծրագիրն իրականացվում է էթնիկ փոքրամասնություն ներկայացնող դիմորդների համար հատուկ արտոնյալ քաղաքականության շրջանակներում և նրանց հնարավորություն է տալիս պարզեցված ձևով ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատությունում և կատարելագործել վրացերենի իմացությունը՝ նախքան կոնկրետ կրթական ծրագիր յուրացնելը։ Մասնավորապես, ազգային փոքրամասնություններին պատկանող ուսանողները «1+4» կրթական ծրագրի շրջանակներում ցանկալի բուհում կարող են սովորել միայն իրենց մայրենի լեզվի ընդունակությունների թեստը հանձնելու հիման վրա։
Ուսանողների «1+4» կրթական ծրագիրը, գրանցման պարզեցված կանոնների հետ մեկտեղ ներառում է նաև ֆինանսավորում։ Եթե ուսանողները հաջողությամբ հանձնեն քննությունը մայրենի լեզվից, ապա նրանց ֆինանսավորվում է վրացերենի ուսուցման ծրագրով, որից հետո նրանք շարունակում են սովորել նույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ իրենց նախընտրած կրթական ծրագրով, լրիվ ֆինանսավորմամբ։
Հիշեցնենք, որ «1+4» ծրագիրը մեկնարկել է 2010-2011 ուսումնական տարում:
Տարեցտարի աճող վիճակագրական տվյալները ցույց են տալիս ծրագրի արդյունավետությունը և դիմորդների հետաքրքրությունն այս ծրագրի նկատմամբ: