Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների՝ թե ավարտական դասարանների առաջատար աշակերտները, թե առաջին դասարանցիները համակարգիչներ են նվեր ստացել։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից JNEWS-ին հայտնեցին, որ «Իմ առաջին Համակարգիչը» ծրագրի շրջանակներում, 2019-2020 թթ. գերազանցիկ աշակերտները համակարգիչներ են ստացել Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներից՝ 32 աշակերտ, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներից՝ 45 աշակերտ։

Ինչ վերաբերում է 2021-2022 ուստարվա առաջատար աշակերտների քանակին, ապա գործակալությունը մշակում է տվյալներ, հետևաբար շահառուների թիվը այս պահին դեռ հայտնի չէ:

Հարկ է նշել, որ համակարգիչ են ստանում այն աշակերտները, ովքեր յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարաններում ունեցել են 10 միավոր, առանց կլորացնելու։ «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների մոտիվացիան և բարելավել նրանց գիտելիքները համակարգչային ծրագրերի ուսուցման մեջ:

Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին, ապա 2019-2020 ուսումնական տարում «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակում համակարգիչներ ստացել են Ախալքալաքի քաղաքապետարանի դպրոցներում՝ 679 աշակերտ, իսկ Նինոծմինդայի քաղաքապետարանի դպրոցներում՝ 311 աշակերտ:

Իսկ 2021-2022 ուս․ տարում համակարգիչներ են տրվել Ախալքալաքի քաղաքապետարանի դպրոցներում՝ 636 աշակերտի և Նինոծմինդայի քաղաքապետարանի դպրոցներում՝ 723 աշակերտի։

«Իմ առաջին համակարգիչը» պետական ​​ծրագիրը Վրաստանում սկսել է գործել 2010 թվականից: Այդ ժամանակ նեթբուքեր են ստացել ընդամենը մի քանի դպրոցների աշակերտներ: Իսկ արդեն 2011-ից նեթբուքերը հայտնվեցին յուրաքանչյուր առաջին դասարանցու սեղանին:

Նեթբուքերը բեռնված են տարբեր ուսումնական ծրագրերով՝ վրացերեն և օտար լեզուներ, մաթեմատիկա և տրամաբանություն, դպրոցական և արտադպրոցական ձեռնարկներ, ուսումնակրթական խաղեր: