Այսօր՝ մարտի 14-ին, Փարիզում տեղի կունենա «SOS Talents» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված դափնեկիր դաշնակահարների համերգը, որին ելույթ կունենա ծնունդով Ախալքալաքից պատանի դաշնակահար Արսեն Կարապետյանը։
12-ամյա ախալքալաքցի դաշնակահար Արսենը հնարավորություն է ստացել երկրորդ անգամ ելույթ ունենալ Փարիզում։ Վրացի հայտնի դաշնակահար Էլիսո Բոլքվաձեի աջակցությամբ և նախաձեռնությամբ Վրաստանից երկու պատանի դաշնակահարներ կմասնակցեն Փարիզում կայանալիք գալա համերգին՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Դասո պալատում։
Միջազգային «SOS Talents» հիմնադրամը 2000 թվականին հիմնադրվել է հայտնի ֆրանսիացի երաժիշտ և մեթոդաբան Միշել Սոնիի կողմից: Հիմնադրամը նպատակ ունի աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին նրանց ներկայացնել միջազգային ասպարեզում: Հիմնադրամի կողմից ընտրված երեխաները, դպրոցական ծրագրին զուգահեռ լրացուցիչ կսովորեն Միշել Սոնիի կողմից մշակված հատուկ մեթոդիկան, ինչը նրանց հնարավորություն կտա շատ արագ և արդյունավետ զարգացնել երաժշտական և տեխնիկական կարողությունները։
«SOS Talents» հիմնադրամի շրջանակներում տարբեր ժամանակաշրջաններում Վրաստանն ունեցել է դափնեկիր դաշնակահարներ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում միայն Ախալքալաքից հիմնադրամի կրթաթոշակառուներ են եղել երկու տաղանդաշատ պատանի դաշնակահարներ՝ Անահիտ Ստելմաշովն ու Արսեն Կարապետյանը։
Նշենք, որ Ախալքալաքից երկու դաշնակահարներն էլ Ախալքալաքի երաժշտական դպրոցում ուսուցչուհի Սվետլանա Կարոյանի մոտ սովորելուց հետո ուսումը շարունակել են Թբիլիսիում՝ Է. Միքելաձեի անվան կենտրոնական երաժշտական դպրոցում։