Ախալքալաքի Երաժշտական դպրոցը երկար տարիներ է վերանորոգում չի տեսել, միայն մասնակի նորոգվել է կտուրը և փոխվել են շենքի դիմային հատվածի պատուհանները: Կահույքը նույնպես շատ հին է։ Դպրոցի շենքի հետևի հատվածում կտուրը բաց է, այն կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանն ասում է՝ շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի:

mijancq

«Ես նույնպես այս Երաժշտական դպրոցի շրջանավարտ եմ եղել, բայց չեմ հիշում, որ շենքը կապիտալ նորոգվի: Ճիշտ է, մասնակի նորոգում եղել է, սակայն ոչ ամբողջությամբ։ Շենքը ոչ մի ձև չէր տաքանում, մինչև սենյակների առաստաղները չիջեցրին։ Հատակը լինոլիումապատ է, մի քանի սենյակ կա, որտեղ լամինատ է», – նշում է Կարոյանը։

qandvel e

2007 թվականին Երաժշտական դպրոցն առանձնացել է մշակույթի բաժնից և սեփական միջոցներով լինոլիումապատել են հատակը, իսկ պատերին պաստառ են քաշել։

Այնուհետև, մասնակի նորոգվել է կտուրը, շենքի դիմացի հատվածը, փոխվել են պատուհանները և մի քանի սենյակ սալիկապատել են պետական միջոցներով։

Շենքի հետնամասում իրավիճակն այլ է, կտուրն արդեն քանդվում է, անձրևների և ձյան տեղումների ժամանակ ջուրը ներս է լցվում: Դպրոցի գրադարանի համար առանձնացված սենյակի առաստաղն արդեն իսկ քանդված է, նույն հատվածում կաթում է կտուրից, աշխատակիցները ստիպված դույլեր են շարում, որպեսզի կարողանան գրքերը ինչ-որ չափով պահպանել ոչնչացումից։

qandvac

ktur

Պատուհանները նույնպես կիսաջարդված վիճակում են: Դպրոցի աշխատակիցները որպեսզի կարողանան սենյակները տաքացնել ստիպված են եղել ցելոֆոն (պոլիէթիլենային տոպրակ) փակցնել պատուհաններին։

patuhan

Պարապմունքների համար սենյակները շատ փոքր են, նորմալ կահույք նույնպես չկա։ Իրականում այս շենքը տիպային շենք չէ, սկզբում սեփական տուն է եղել, այնուհետև՝ հիմնարկություն, հետո նոր այն վերածվել է երաժշտական դպրոցի։

hnutyun

«Մենք գրել ենք, դիմել ենք, հնարավորություն չի եղել, որ վերանորոգեն, բայց սպասում ենք՝ կարող է այս տարի ուշադրություն դարձնեն։ Շատ բան կարելի է անել Երաժշտական դպրոցի համար, որպեսզի երեխաների մոտ ձգտում առաջանա, լուսավոր սենյակներ ունենանք, ձայնամեկուսացում լինի, որպեսզի հրաշալի գործիքներ լինեն, ակուստիկա լինի: Բայց մեր դասասենյակներում նստել հնարավոր չէ, շատ փոքր են սենյակները։ Բայց փառք Աստծո աշխատում ենք, ունենք հրաշալի շրջանավարտներ, մրցանակակիրներ, հիմա նույնպես պատրաստվում ենք գնալ մրցումների», – ասում է Ախալքալաքի միակ Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը։

Երաժշտական գործիքները նույնպես շատ հին են: Չնայած, որ բավականին վերջերս դպրոցը նոր գործիքներով է համալրվել:

«Մենք շատ գործիքներ ունենք, սակայն դրանք արդեն “ծերացել” են, բայց մենք շարունակում ենք դրանցով աշխատել, մեր աշխատողն ամեն օր լարում է գործիքները: Պետք է նշեմ նաև, որ արդեն ունենք փոխարինող, ադապտացված էլեկտրոնային գործիքներ, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Այդ գործիքները ձեռք են բերվել LAG-ի հետ միասնական նախագծի շրջանակներում, մեր մանկավարժը՝ Չոբանյան Լուսյան գրեց նախագիծ, հետո մունիցիպալիտետը հովանավորեց նաև 30%-ը», – հավելում է տնօրենը։

Չնայած այսպիսի պայմաններին Կարոյանը չի բողոքում, Աստծուն փառք է տալիս, որ շենքը գործող է, կարողանում են աշխատել, կրթել սաներին և հանրությանը ներկայացնել տարբեր մրցանակակիների։ Այս պահի դրությամբ Ախալքալաքի Երաժշտական դպրոցը ավելի քան 160 սան ունի:

Jnews-ը Ախալքալաքի քաղաքապետարանից փորձեց պարզել, արդյո՞ք այս տարի նախատեսվում է Երաժշտական դպրոցի վերանորոգում, թե՝ ոչ:

«Ներկա դրությամբ Երաժշտական դպրոցի վերանորոգման նախագիծ չունենք: Բայց այն շինությունները, որոնք պետական են, եղանակների տաքացումից հետո մենք շրջայց կկատարենք, տեղում կծանոթանանք խնդիրներին: Եթե շատ է վնասված և վերանորոգման անհրաժեշտություն կա, այն վիճակն է, որը մենք կարող ենք մեր միջոցներով լուծել խնդիրը, ապա ի նկատի կունենանք», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Գայանե Ակոջյան