Տարբեր պետական կառույցներում ազգային փոքրամասնությունների բացակայությունը կամ վատ ներկայացվածությունը երկար տարիներ պայմանավորված էր լեզվի չիմացությամբ և անկոմպետենտությամբ: Կարծեք «1+4» պետական ծրագրի և ստաժավորման ծրագրի ի հայտ գալով այս հարցերն արդեն պետք է լուծված լինեին, սակայն պետական կառույցներում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության բացակայության խնդիրը դեռևս արդիական է։
2017 թվականին Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով այժմ արդեն նախկին պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին նախաձեռնել էր Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների զբաղվածության հեռանկարները բարելավելու և քաղաքացիական ինտեգրման գործընթացը խթանելու ծրագիր: «1+4» ծրագրի ուսանողները կարող էին և հիմա էլ կարող են դիմել և ստաժավորում անցնել տարբեր պետական հաստատություններում՝ ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական. տարբեր նախարարություններում, Վրաստանի ՄԻՊ գրասենյակում, ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնում, Դավիթ Աղմաշենեբելիի անվան Վրաստանի ազգային պաշտպանություն ակադեմիայում և այլն։
Պրակտիկայի ծրագիրը, ինչպես հայտարարվել էր նախկինում, նախաձեռնվել է և միտված է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնություններին պետական մարմիններում աշխատելու առանձնահատկություններին ծանոթացնելուն, նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը և արդյունքում նրանց քաղաքացիական ինտեգրմանը նպաստելուն: Ծրագիրն ուժի մեջ է արդեն 8 տարի, սակայն հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ Վրաստանում ապրող հայերի և ադրբեջանցիների ինտեգրման հարցերով (այս երկու էթնիկ խմբերն թվով ամենաշատն են Վրաստանում), պնդում են, որ չկա տեղեկատվություն կենտրոնական պետական կառույցներում աշխատող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին։
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակից Jnews-ին հայտնեցին, որ տեղեկություններ չկան այն մասին, թե ստաժավորման ծրագիրն ավարտելուց հետո քանի ուսանող է սկսել աշխատել պետական հաստատություններում։
«Այս պահին նման վիճակագրություն չկա, բայց այս տարի նախատեսում ենք ուսումնասիրություն իրականացնել այս ծրագրի վերաբերյալ: 400-ից ավելի շահառուներ ավարտել են այս ծրագիրը, սակայն նրանց զբաղվածության մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ուսումնասիրության արդյունքները վերլուծելուց հետո»,- ասվում է նախարարի աշխատակազմի պատասխան գրությունում:
Հասարակական կազմակերպությունները ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Ջավախքում և Քվեմո Քարթլիում, կարծում են, որ եթե ստաժավորումն անցած ուսանողները կարող են աշխատանք գտնել տեղական մակարդակում, իրենց բնակության շրջաններում, ապա կենտրոնական պետհաստատություններում շատ ավելի դժվար է։
«Չկան մարդիկ, ովքեր կաշխատեն և կզբաղեցնեն սոցիալական հեղինակավոր պաշտոններ կենտրոնում՝ Թբիլիսիում, այսինքն՝ Ջավախքում՝ լավ է, իսկ Թբիլիսիում, կենտրոնում՝ ոչ։ Հավանաբար, այստեղ փոքրամասնությունների շրջանում կարծրատիպ կա, ինչն իրականում կարող է կարծրատիպ չլինել, բայց իրականությունն այն է, որ պետական կառույցներում փոքրամասնությունները չեն ողջունվում, այսպես ասած՝ Minorities are not welcomed: Այստեղ կարող է լինել երկու պատճառ, իրենք՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, չեն ձգտում, քանի որ իրենց այսպես թե այնպես չեն ընդունելու, կամ իրենց դա չի հետաքրքրում։ Եվ երկրորդ պատճառը՝ դիմելու դեպքում կարող են իրենց չվերցնել։ Այսպես թե այնպես դժվար է ասել, որովհետև հարցին պատասխան չկա՝ դիմում են, թե չեն դիմում: Պետք է ուսումնասիրել, և դա շատ դժվար է, քանի որ ոչ ոք չի վարում էթնիկ պատկանելությամբ հաշվառում»,- ասում է «Համաքաղաքացիական հասարակական շարժում-Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանը։
Իրավապաշտպան Լեյլա Մամեդովան կարծում է, որ շատ դժվար է ինչ-որ բան ուսումնասիրել, երբ վիճակագրություն չի վարվում։ Այնուամենայնիվ, կարելի է եզրակացնել, որ կենտրոնական պետական հիմնարկություններում ազգային փոքրամասնություններ չկան։
«Վերջին տարիներին ես չեմ վերլուծել այս իրավիճակը, բայց մենք ավելի վաղ բարձրացրել ենք այդ հարցը: Կարծում եմ, որ ամեն ինչ հենվում է միայն մեկ բանի վրա՝ քաղաքական կամքի, երբ ուզում են ինչ-որ բան անել՝ անում են, երբ ոչ՝ չեն անում, դա կախված չէ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ Եթե կա էթնիկ փոքրամասնություններին վրացական հասարակության մեջ ինտեգրելու քաղաքական կամք, բնականաբար, նրանց թիվը պետական կառույցներում կաճի բոլոր մակարդակներում։ Եթե նման ցանկություն չկա, ապա նրանք երբեք չեն լինի»,- ասում է նա։
Պետական ծրագրի արդյունավետության դեպքում արդյունքը նկատելի է, ինչպես օրինակ «1+4» ծրագրի դեպքում, որի շնորհիվ վրացական բուհերում ազգային փոքրամասնությունները ներկայացնող դիմորդների ու ուսանողների թիվը բազմապատկվել է։ Սակայն ստաժավորման ծրագրի 8 տարիների ընթացքում արդյունավետությունն անզեն աչքով աննկատ է, և արդյունքները գնահատելն իսկապես անհնար է՝ ելնելով տեղեկատվության բացակայությունից։