Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը բնակչությանը կոչ է անում խուճապի չմատնվել, սակայն խորհուրդ է տալիս զգույշ լինել, զանգվածային միջոցառումների ընթացքում հրաժարվել՝ ձեռքսեղմումներից, համբուրվելուց և գրկախառնվելուց, որպեսզի կանխեն կորոնավիրուսի կամ այլ վիրուսների ու վարակների տարածումը:

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանն ասաց, որ այս պահի դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված չէ կորոնավիրուսի ոչ մի դեպք, և քաղաքացիներին հորդորել է խուճապի չմատնվել:

Ըստ Ավետ Տոնականյանի՝ ՀԱԿ-ի աշխատակիցներն արդեն մեկ շաբաթ է աշխատում են «Կարծախ» մաքսային անցակետում և ստուգում են բոլորին, ովքեր Թուրքիայից երկիր են մուտք գործում, դեռևս որևէ մեկի մոտ կոռոնավիրուսի ախտանիշներ չեն հայտնաբերվել:

«Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը ստացել է պանդեմիայի բնույթ», – հայտարարեց նա:

Պանդեմիա անվանում են անսովոր ուժեղ համաճարակը, որը բնութագրվում է ամբողջ երկրում վարակիչ հիվանդության տարածմամբ, հարևան պետությունների տարածքում, իսկ երբեմն էլ՝ աշխարհի շատ երկրներում:

«Ես խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքացիներին ավելի զգույշ լինել, հրաժարվել հանդիպումների ժամանակ գրկախառնվելու և համբուրվելու սովորություններից», – ասաց Ավետ Տոնականյանը:

ՀԱԿ-ի տնօրենը կոնկրետ խորհուրդ է տվել հուղարկավորությունների ընթացքում հրաժարվել հանգուցյալի հարազատների հետ ձեռքսեղմման ավանդույթից` ցավակցության ժամանակ:

Նա նաև խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ հարսանեկան միջոցառումներից և ախտահանել հարսանեկան և ծիսական բոլոր սրահները:

Բրատիսլավ Իգիթխանյան