Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է 2024-2025 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման պայմանները։ Ինչպես արդեն հայտնի է, դպրոցական տարիքի հետ կապված «Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություն է կատարվել, և 2024-2025 ուսումնական տարում այն երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան, կարող են գրանցվել առաջին դասարան հաճախելու համար:
Ըստ փոփոխության՝ հաշվի առնելով երեխայի պատրաստակամությունը և նրա լավագույն շահերը՝ ուսումնական տարվա սկզբի հաջորդ օրվանից մինչև դեկտեմբերի 1-ը ծնված անձանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները իրավունք կունենան ընտրել՝ շարունակել ստանալ նախադպրոցական և կրթական ծառայություններ՝ ընդգրկվելով դպրոցական պատրաստության ծրագրում կամ գրանցվելով որպես առաջին դասարանցիներ:
Առաջին դասարանցիների գրանցման ժամկետները
I փուլ․ Գրանցման առաջին փուլում՝ 2024 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։
Այս փուլում գրանցման ենթակա երեխաների ծնողները պետք է դիմեն նախընտրելի հանրակրթական դպրոց։ Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Կրթության առանձնահատուկ կարիքը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմում-հայտը, որից հետո բազմամասնագիտական թիմը կգնահատի երեխային և կորոշի նրա կրթական կարիքը։ Կրթության առանձնահատուկ կարիքների հաստատման դեպքում դպրոցը համապատասխան փաստաթղթերի հիման վրա կապահովի աշակերտի ընդգրկումը։ Առաջին փուլում գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման և ընդունելության ժամկետը 2024 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ն է։
Երեխան կարող է համարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ, եթե ունի՝ ա) ֆիզիկական հաշմանդամություն, բ) մտավոր զարգացման խախտում, գ) սովորելու կարողության խախտում, դ) զգայական զարգացման (լսողության և (կամ) տեսողության) խախտում, ե) խոսքի զարգացման խանգարում, զ) վարքային և հուզական խանգարում, է) երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն, ը) սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, ինչի պատճառով նա չի կարողանում հաղթահարել ազգային ուսումնական պլանի պահանջները, թ) աուտիզմի սպեկտր:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաները հնարավորություն կունենան գրանցվել հաջորդ փուլերում։
II փուլ. Գրանցումը հնարավոր կլինի մայիսի 1-ից մինչև մայիսի 16-ը, և դպրոցում կգրանցվեն այն երեխաները, որոնց քույրերն ու եղբայրները սովորում են նախընտրելի դպրոցում, ծնողը/խնամակալը նախընտրելի հանրակրթական դպրոցի աշխատակից է, ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ ընդունվում են առաջին դասարան, ապա երկրորդ փուլում հաշվառումը կատարվում է հանրակրթական դպրոցներում՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմամբ։ Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։
III փուլ. Ընդհանուր գրանցումը կմեկնարկի մայիսի 20-ից և կշարունակվի մինչև հունիսի 13-ը։
Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 14-ից մինչև հունիսի 25-ը ներառյալ։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
IV փուլ. Գրանցումը կիրականացվի դպրոցներում հունիսի 27-ից մինչև հուլիսի 12-ը:
Այս փուլում այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն ազատ մնացած կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։