Ուսանողները համալսարանական առօրյաից զատ հաճախ իրենց ժամանակը տրամադրում են այլ ակտիվությունների՝ մասնակցելով տարբեր ծրագրերի փորձում են նոր հեռանկարներ փնտրել և զարգանալ տարբեր ոլորտներում համատեղելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը: Սակայն հնարավորությունների սահմանակները տարբեր են մայրաքաղաքում և շրջանում ապրող ու կրթություն ստացող երիտասարդների համար:
Jnews-ը խոսել է ուսանողների հետ, պարզելու համար ի՞նչն է նրանց օգնում կամ խանգարում հագեցած ուսանողական կյանք վարելուն՝ համատեղելով այն տարատեսակ ակտիվությունների հետ:
Մեր առաջին հերոսուհին ծնունդով Փոքր Գոնդուրայից Վարդուհի Հովսեփյանն է, ով նախնական կրթությունն ստացել է գյուղի հանրային դպրոցում, ավարտել այն ոսկե մեդալով, ապա ընդունվել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախապատրաստական կուրս։ Այս պահին մասնագիտանում է զբոսաշրջության ոլորտում։
«Իմ ամենօրյա աշխատանքի շնորհիվ, համալսարանում կարողացա ստանալ նաև կրթաթոշակ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա։ Ինձ համար դա մի մեծ նպատակ էր, որին կարողացա հասնել: Կյանքում միշտ փորձում եմ երազանքներ չունենալ, այլ դնել նպատակներ և հասնել նրանց: Դեռևս դպրոցական ժամանակներից փորձել եմ լինել ակտիվ ու միշտ մասնակցել եմ շատ ծրագրերի: Ներկայումս, երբ փոքր գյուղից կարողացել եմ հասնել մեծ քաղաք, իմ առջև բացվել են բազում հնարավորություններ, որոնք աշխատում եմ, երբեք բաց չթողնել»։
Վարդուհին այս պահին համագործակցում է Cenn- ի և Usaid կազմակերպությունների հետ: Նաև Youth on նախագծի մասնակից է: Շատ մեծ ոգևորությամբ մասնակցում է Komentari- ի կազմակերպած մրցույթին, որում վերջերս հաղթել է։ Նրա համոզմամբ յուրաքանչյուր մարդու մոտիվացիայի աղբյուրն ինքն է հանդիսանում։
«Մեր բոլորիս շարժառիթը մեր սեփական նպատակներն են, որոնք ուժ են տալիս չհանձնվելու և առաջ շարժվելու։ Ըստ ինձ, ուսանողական տարիները բոլորիս կյանքի ամենաակտիվն ու ամենամոտիվացվածն են, քանի որ մենք սկսում ենք կերտել մեր կյանքը, մեր իսկ ձեռքերով։ Ամեն ինչ գտնվում է մեր ձեռքերում, մենք ենք մեր ճակատագրի և կյանքի ուղու հեղինակը։ Իմ կարծիքով ուսանողներին ակտիվ լինել խանգարում է՝ սեփական «ես»-ը, իրենց շրջապատող մարդիկ, հասարակական կարծիքը։ 21-րդ դարում ուսանողների մեծամասնությունը չունի սոցիալիզացման և ինֆորմացիայի կարիք, դրա համար էլ մտածում եմ, որ որտեղ էլ սովորենք կկարողանանք լինել ակտիվ երիտասարդներ։ Ուղակի փորձեք հետևել սեփական ցանկություններին, որոնք վստահ եմ ձեզ կհասցնեն դեպի ձեր ամենանվիրական նպատակները», – եզրափակում է Վարդուհին։
Ի տարբերություն Վարդուհու, մեր մյուս հերոսուհին` 29 ամյա Սոֆիկո Նիկացաձեն բարձրագույն կրթություն է ստանում Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում։ Վրաց բանասիրության ուղղության 4-րդ կուրսի ուսանողուհի է: Սոֆիկոն Գորելովկա գյուղից է, կրթությանը զւոգահեռ նա նաև աշխատում է «Տոլերանտ» ասոցիացիայում և Սամեբայի հանրային դպրոցում:
«Ջավախքը շատ տաղանդավոր և կրթված սերունդ ունի, ինձ շրջապատող երիտասարդներն ակտիվորեն մասնակցում են տարբեր նախագծերի և ճամբարների։ Ես անձամբ ներգրավված եմ եղել «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» կողմից ֆինանսավորվող նախագծերից մեկում, որին աջակցել է Միացյալ Թագավորության կառավարությունը։ Նախագծի անվանումն է՝ «Երիտասարդական նորարարություններ՝ համայնքում հաջող փոփոխությունների համար»։ Ես եղել եմ այս ծրագրի համակարգողը, և շատ երիտասարդներ մասնակցել են այս նախագծին»:
Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ 2023 թվականի հունվարից ներգրավված է նաև Բաց հասարակության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Տոլերանտ» ասոցիացիայի ծրագրին, որի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում սկսել է «Վրացերենը հասանելի է բոլորին» նախագիծը։ Ծրագրի նպատակն էր աջակցել Գորելովկա համայնքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունները ներկայացնող երիտասարդների կրթությանը և մեծացնել նրանց ուսանողական կյանքում ընդգրկվելու հնարավորությունը, խթանել Գորելովկա գյուղի խոցելի խմբերի կրթությանը մինչև միասնական ազգային քննությունների սկիզբը։
«2023 թվականին ես հիմնեցի Գորելովկայի երիտասարդական համայնքային կենտրոնը, որտեղ միավորվեցին գյուղի էթնիկ փոքրամասնությունների երիտասարդները։ 2019 թվականից մինչև 2022 թվականը ապրել եմ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, սակայն որոշեցի վերադառնալ Վրաստան և օգնել Ջավախքում ապրող երիտասարդներին», – հավելում է Սոֆիկոն։
Միաժամանակ նշելով, որ իր շրջապատում երիտասարդները բավականին ակտիվ են, իսկ ովքեր պասիվ են, դրա պատճառը նրանց անհատապես ոչ հետաքրքրված լինելն է:
Բավրա գյուղից 21-ամյա Թինա Ղարսլյանը նույնպես սովորում է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում՝ վրացերեն բանասիրության ուղղությամբ։ Նա համալսարանական կրթությունից զատ չի կարողանում մասնակցել տարբեր ծրագրերի, քանի որ աշխատում է մթերային խանութում և չի հասցնում այլ ակտիվություններ իրականացնել:
Թինան նշում է, որ համալսարանում ևս կազմակերպվում են տարբեր թրեյնինգներ, որոնց մասին նախապես իրենց տեղեկացնում են։
«Իմ կարծիքով մայրաքաղաքում և շրջանում սովորող ուսանողների հնարավորությունների տարբերությունը շատ մեծ է, քանի որ օրինակ Թբիլիսիում սովորող երիտասարդները ավելի շատ են շփվում ազգությամբ վրացիների հետ, ինչը օգնում է ավելի հեշտ և արագ հաղթահարել լեզվական և ինտեգրացիոն խնդիրները, լինել ավելի տեղեկացված, համարձակ և ակտիվ», ասում է Թինան:
Թինայի կարծիքով, շրջաններում ակտիվության մակարդակը բավականին բարձր է, սակայն ոչ այնքան, որքան դա կենտրոնում է: