Այսօրվանից՝ օգոստոսի 8-ից, Ախալքալաքի և գյուղերի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքները։ Արձակուրդ է գնում քաղաքի թիվ 2 մանկապարտեզը, քանզի այն աշխատել է հերթապահ ռեժիմով, երբ մյուսները արձակուրդում էին։
Օգոստոսի 5-ին մանկապարտեզների բոլոր աշխատակիցները Ախալքալաքի առողջապահության կենտրոնում կորոնավարակի բացահայտման թեստ են հանձնել։
Ինչպես տեղեկացանք Առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանից, թեստ է հանձնել 116 աշխատող, որոնցից ընդամենը մեկի մոտ է հաստատվել կորոնավարակ։ Նա պետք է ինքնամեկուսանա, իսկ մանկապարտեզները կգործեն նորմալ ռեժիմով։
«Իհարկե բնական էր, որ մենք մինչև մանկապարտեզները բացվելը կատարեցինք թեստավորում, որպեսզի ոչ մի բան չխանգարի մանկապարտեզների գործելուն։ Այն աշխատակիցը, ում մոտ, որ հաստատվել է դեպքը, կմնա տանը», – ասաց Տոնականյանը։
Վարակվածը պետք է 5 օր մեկուսանա տանը, 6-րդ օրը նա նորից պետք է թեստ հանձնի։ Կորոնավարակ չհաստատվելու դեպքում, նա կարող է վերադառնալ աշխատանքի, բայց ևս 5 օր դիմակ պետք է կրի։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 16 մանկապարտեզ, որից 3-ը՝ քաղաքում, մնացածը՝ գյուղերում։ Երեք՝ Կոթելիա, Խանդո և Կարտիկամ գյուղերում գործում է այլընտրանքային մանկապարտեզ, այսինքն՝ աշխատում են կես օր և առանց սննդի: