Հունիսի 25-ին, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին աշխատանքային այցով Ախալքալաքում էր:
Հանդիպումն անցավ սոցիալական հեռավորության պահպանմամբ և բաց տարածությունում՝ Ախալքալաքի Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնաճյուղի բակում: Հրավիրված էին տեղական իշխանությունները, ներկա էին Ախալքալաքի քաղաքապետը և նրա տեղակալը, Սամցխե-Ջավախքի շրջանի նահանգապետի ներկայացուցիչները, համալսարանի դասախոսական կազմը, ուսանողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Պետնախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունն առաջիկա 4 տարվա համար մշակում է ազգային ռազմավարություն և գործողությունների պլան, որոնք անմիջականորեն վերաբերելու են Վրաստանի ազգային փոքրամասնություններին:
Լիա Գիգաուրին ներկաներին պատմեց բոլոր այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են ինտեգրման հետ կապված խնդիրների լուծման, պետական լեզվի ուսուցման և Վրաստանի ազգային փոքրամասնությունների առջև ծառացած այլ խնդիրների ուղղությամբ: Նա նաև ներկայացրեց հաջողված 1+4 կրթական ծրագիրը:
«Վերջին 10 տարիների ընթացքում 1+4 ծրագրի շրջանակներում 1300 ուսանողներ են սովորել մեզ մոտ, նրանք այնպիսի ուսանողներ էին, ովքեր հոյակապ տիրապետում են վրացերենին, և բացի այն, որ նրանք մասնագիտություն են ստացել և վերադարձել են հետ, մեծ մասը աշխատանք է գտել: 216 ուսանողներ, ովքեր հաջողությամբ հանձնել են քննությունները, ուսուցիչներ են դարձել դպրոցներում, նրանցից երկուսը նույնիսկ դարձել է դպրոցի տնօրեն: Մենք տեսանք, թե որքան հաջողված է պետության կողմից իրականացվող այս ծրագիրը: Մենք Վրաստանում ունենք նաև երկլեզու ուսանողներ», – ասաց Լիա Գիգաուրին «1+4» ծրագրի վերաբերյալ:
Նա նաև ներկաներին առաջարկեց մասնակցել գործողությունների պլանի նախապատրաստմանը՝ ներկայացնելով առաջարկություններ: Հանդիպման ընթացքում արվեցին որոշ առաջարկություններ, այդ թվում` երիտասարդության և մասնավորապես ուսանողների ինտեգրման առումով:
Փաստաթղթի կազմման գործընթացը շարունակվում է, հետագայում նախատեսված են հանդիպումներ` խորհրդատվություն ստանալու համար: