Ալաթուման գյուղում խնդիրները շատ են, սակայն գյուղացիներն առանձնացնում են գյուղամիջյան ճանապարհների անբարեկագ վիճակը։ Հիմնականում անանցանելի վիճակ է դեպի դպրոց տանող ճանապարհը։
Մինչև գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատ է, սակայն գյուղամիջյան ճանապարհները անմխիթար վիճակում են։ Հիմնականում մեծ փոսեր են գոյացել դպրոց տանող ճանապարհին։ Երեխաները տնից մաքուր դուրս են գալիս, ցեխոտ տուն վերադառնում։
«Մեր գյուղի հիմնական խնդիրներից է գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը, երեխաները չեն կարողանում ֆիզիկապես խուսափել, որ չընկնեն ջրով լի փոսը։ Այո, մենք շնորհակալ ենք, որ գոնե մինչև գյուղ ճանապարհն ասֆալտապատ է, սակայն գյուղամիջյան ճանապարհներին նույնպես պետք է ուշադրություն դարձնել, անհնար է քայել ու չցեխոտվել»,- ասում են Ալաթումանի բնակիչները։
Դպրոցականների ծնողները նշում են՝ լինում է երեխաների ոտքերն ամբողջությամբ թրջված են լինում։ Իրավիճակը բարդանում է այն ժամանակ, երբ սկսվում է ձնհալը։ Ճանապարհի երկու կողմը բարձր ձյուն է ու սառած, ինչը մեծ վտանգ է հանդիսանում երեխաների համար, իսկ մեջտեղում անանցանելի ջրափոսեր են։ Երեխաներին կամ ծնողներն են դպրոց տանում, կամ ավագ քույր եղբայրները, որպեսզի գրկով կարողանան մի կերպ հասցնեն դպրոց։
Գյուղացիները այլևս չգիտեն ում դիմել, արդեն մի քանի տարի է գյուղը նաև ներկայացուցիչ չունի, որ գոնե նրա միջոցով իրենց խնդիրները հասցնեն տեղական ինքնակառավարման մարմիններին։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը Jnews-ին ասաց, որ ներկա դրությամբ Ալաթումանի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում ներկայացված չէ։