Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել «Ապագայի տան» վերանորոգման համար։

Հուլիսի 4-ին Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ախալքալաքի «Ապագայի տան» վերանորոգման համար, կվերանորոգվի նաեւ Շախմատի դպրոցը, որը գտնվում է նույն շենքում։ Առաջարկների ընդունումն ավարտվում է հուլիսի 17-ին։ Մրցույթի մոտավոր գինը 62 738 լարի է։

«Ապագայի տանը» կվերանորոգվեն ինչպես դասասենյակները, այնպես էլ դահլիճը, որտեղ անցկացվում են միջոցառումներ։ Վերանորոգումը կոսմետիկ է: Միջոցառումների դահլիճում կհայտնվեն նաև նոր, հարմարավետ բազկաթոռներ։

2006 թվականից «Պիոներների տան» նախկին շենքը գործում է որպես «Ապագայի տուն»։ Հին շենքում վերանորոգումը կատարվել է աստիճանաբար և մաս-մաս։

«Մի քանի դասասենյակ կվերանորոգվի, դահլիճը նույնպես կվերանորոգվի: Կան սենյակներ, որտեղ աշխատանքն ավելի քիչ է: Դեռ չգիտենք, թե վերանորոգման պատճառով երբ կանցնենք արձակուրդի, քանի որ մրցույթը նոր է հայտարարվել և ինչպիսին կլինեն մրցույթի արդյունքները: Մենք դեռ տեղեկություն չունենք, թե ինչքան ժամանակ չենք աշխատելու, ամեն ինչ կորոշենք մրցույթը կայանալուց հետո»,- ասում է «Ապագայի տան» տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը։

Նշենք, որ այս ուսումնական հաստատությունում երեխաները սովորում են ուլունքագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, սովորում են նաև լեզուներ, տարբեր առիթներով անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ։ «Ապագայի տան» տարբեր խմբակներում 220 տարբեր տարիքի երեխաներ են գրանցված: