Սկսվել է Գումբուրդո (Կումուրդո) գյուղի 10 կմ 100 մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները:
Ճանապարհը կասֆալտապատվի Վաչյանի մայրուղուց սկսած, ներառելով Կիրովական գյուղի ճանապարհը ու ավարտվելով Գումբուրդո գյուղի ներսի որոշակի մասում:
Ճանապարհի կառուցման տենդեր-մրցույթը հաղթել է «Արալին»: Պետք է նշել, որ «Արալի» ընկերությունը տարածաշրջանում առաջին անգամ չէ որ իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ: Այս ճանապարհի վերականգնման ծրագիրը իրականացնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Այս աշխատանքների տենդեր-մրցույթը հայտարարվել էր 2016թ.-ի նոյեմբերին, սակայն ձմռան պատճառով աշխատանքները սկսվել են հիմա: Տենդեր-մրցույթի նախնական գումարը կազմում էր 3.800.000 լարի: Աճուրդին մասնակցել է երկու ընկերություն: Մրցույթը 3.748.385 լարիով հաղթել է ՍՊԸ «Արալին»: Մրցույթի համաձայն աշխատանքները պետք է ավարտվեն 2017թ. օգոստոսին:
Արդեն մեկ շաբաթ է սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Այժմ իրականացվում են ճանապարհները մանրախճով ծածկելու աշխատանքները:
«Կատարում ենք նշագծում, սահմանում ճանապարհի բարձրությունը, լայնությունը, իմանալու համար թե որքան պետք է լցնել մանրախիճը: Մանրախիճը բերում ենք Արագվա գյուղից: Ճանապարհը կընդարձակենք: Լցնում ենք մանրախիճը, ապա կառուցելու ենք բետոնե կանալներ (ջրանցք) Գումբուրդո գյուղում: Նախապատրաստում ենք հիմքը, որ հետո նոր սկսենք ասֆալտապատման աշխատանքները», – ասում է ինժեներ-գեոդեզիստ Մալխազ Ակոպաշվիլին:
Ճանապարհի լայնությունը կլինի 6 մետր, ու 1-ական մետր կփռեն եզրերով: Գումբուրդո գյուղի մեջ գլխավոր ճանապարհը ոչ լրիվությամբ է ասֆալտապատվելու, այլ միայն նրա մի մասը:
Ներկա պահին մանրախճով է պատված ճանապարհի 2 կմ հատվածը: Աշխատանքները շարունակվում են: Շինարարությունում աշխատում են 8 բեռնատար, 2 էքսկավատոր, 3 բուլդոզեր:
Շինարարության աշխատողները առայժմ այլ տեղերից են, սակայն, ըստ Մալխազ Ակոպաշվիլիի, տեղի բնակիչներից ձևավորվելու է երկու բրիգատ ճանապարհի կառուցման վրա աշխատելու համար:
Շուշան Շիրինյան