Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ամենամոտ ապագայում «կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Նա ասել է, որ Հարությունյանը հետախուզման մեջ է և մեղադրվում է «Գյանջայի բնակիչների դեմ ահաբեկչությունների մեջ», որոնք կատարվել են 2020-ի հոկտեմբերին:
Նա նշել է նաև, թե Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ «պատասխանատու է Գյանջայի հրթիռակոծման համար»։
«Հարությունյանը հետախուզման մեջ է։ Այն, որ նա դեռևս չի ներգրավվել քննությանը, ժամանակավոր բնույթ է կրում։ Կարծում եմ, որ, ըստ միջազգային կոնվենցիայի, Հարությունյանը կձերբակալվի և կփոխանցվի քննչական մարմնին»,- ասել է նա։