Արդեն 48 ժամից ավելի է ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով այսօր հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով Արցախում խուճապ չկա։ Փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:
«48 ժամից ավելի է մեզ մոտ շարունակվում է այս իրավիճակը։ Ես տեսնում եմ իսկապես համախոհություն, ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու», – ասել է Վարդանյանը՝ կոչ անելով չտրվել ադրբեջանական սադրանքներին։
«Թշնամին տարբեր մեթոդներ է օգտագործում, այդ թվում՝ ֆեյք ինֆորմացիա դաշտ գցելով մեզ մոտ խուճապ ստեղծելու համար։ Այդ կողմից կարևոր է մեր՝ ձեզ հետ կապը», – ասել է Վարդանյանը՝ շարունակելով՝ չգիտեն, թե որքան կտևի այս շրջափակումը, որքան կպահանջվի գազի առաքման համար, հետևաբար անցնում են խնայողական ռեժիմի։
«Մենք հատուկ ռեժիմ ենք սահմանել միայն հատուկ ծառայությունների, շտապօգնության, հասարակական տրանսպորտի համար, ում համար դա անհրաժեշտություն է։ Իսկ խնայողության ռեժիմը տարածվում է մնացած բոլորի վրա», – նշել է Վարդանյանը։
Արցախի պետնախարարն ասել է, որ պատրաստ են նորմալ բանակցությունների, հասկանում են նաև խաղաղապահների առջև ծառացած խնդիրները, բայց միևնույն ժամանակ պնդում են՝ ճանապարհը պետք է բացվի և ապահովվի մարդկանց անվտանգ տեղաշարժը Հայաստան և հակառակ ուղղությամբ։
«Մենք ապրում ու աշխատում ենք նորմալ ռեժիմով։ Ամեն ինչ անում ենք, որ խնդիրը լուծվի ի օգուտ մեզ», – եզրափակել է Արցախի պետնախարարը։
Այսօր ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս և վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար անցնում են խնայողական ռեժիմի՝ լցակայաններում վառելիք առաջնհերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:
Քաղաքացիներին էլ կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ի առավոտից։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել, խարույկ վառել, ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Երեկ երեկոյան էլ Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը: