Աղմաշենեբելի 6 հասցեում գտնվող բազմահարկ շենքի բնակիչները հերթական անգամ դիմել են Jnews-ի խմբագրություն՝ խնդրանքով պարզելու՝ հնարավո՞ր է ամբողջությամբ մաքրել կոյուղագիծը։ Բազմահարկ շենքի կոյուղու համակարգը հաճախ է խցանվում, չնայած «Վրաստանի միացյալ ջրամատակարարման» կողմից իրականացվող մաքրման աշխատանքներին:
Բնակիչները հայտնում են, որ իրենք բազմիցս դիմել են «Վրաստանի միացյալ ջրամատակարարման» Ախալքալաքի սպասարկման կենտրոն, քանի որ տեղում ոչ ոք չի կարող նման աշխատանք կատարել։
«Նրանք ամեն անգամ գալիս են, մաքրում են, բայց տեխնիկա չունեն, որ հիմնովին մաքրեն, մի քանի օր հետո նորից կոյուղին լցվում է: Բակում անընդհատ գարշահոտ է»,- ասում է Աղմաշենեբելի 6-ի բնակիչը։
Դեկտեմբերին Աղմաշենեբելի փողոցի երկու բազմահարկ շենքերի մտահոգ բնակիչները հակասանիտարական վիճակի պատճառով կապ էին հաստատել Jnews-ի հետ։ Այդ ժամանակ, ըստ բնակիչների, մի քանի անգամ դիմել են պատկան մարմիններին՝ խնդիրը շտկելու խնդրանքով, սակայն ապարդյուն։ Այդժամ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից խոստացել էին մաքրել խցանումը։
Բանն այն է, որ եթե խնդիրը կենտրոնական գծում չէ, ապա «Վրաստանի միացյալ ջրամատակարարումը» պարտավոր չէ սպասարկել այն, բայց չկա այլ պատկան մարմին, որտեղ բնակիչները կարող են դիմել խնդրի դեպքում։
Jnews-ը կրկին կապ հաստատեց «Վրաստանի միացյալ ջրամատակարարման» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի հետ, սակայն մենեջեր Գիորգի Վախթանգիշվիլին մեզ ասաց, որ բնակիչները կարող են ինքնուրույն դիմել իրենց։