Վերջին մի քանի տարում Ախալքալաքում առանձնապես խոշոր չափի կողոպուտի դեպքերը հաճախակի են դարձել: Սակայն ոստիկանության կողմից բացահայտված գործերը նվազում են: Ի՞նչ են մտածում կողոպուտի ենթարկված մարդիկ, և ի՞նչ սպասելիքներ ունեն ոստիկանությունից:
2-3 ամիս առաջ Ախալքալաքում տարադրամի փոխանակմամբ զբաղվող բնակչից գողացան մեծ գումար, հենց այդ մարդու տան բակում: Փոխանակողի տան մոտ տեղադրված էին տեսախցիկներ, որոնք ֆիքսել էին գողությունը: Դիմակավոր, հաղթանդամ կազմվածքով տղամարդը հեշտությամբ, մի քանի վայրկյանում գողանում է գումարով պայուսակը: Այս և նախորդող գողությունների փաստն Ախալքալաքում անհանգստության և դժգոհության տեղիք է տալիս:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ վերջին 3 տարում Ախալքալաքում կատարված և ոստիկանության կողմից բացահայտված գողությունների վիճակագրությունը հետևյալն է.
2015 թվականին Ախալքալաքի ոստիկանությունում հարուցվել է 15 քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն: Ոստիկանությունում հարուցված 15 գործից 9-ի դեպքում սկսված է քրեական հետապնդում: Իսկ 5 գործով կայացած է դատական որոշում:
2016-ին արդեն Ախալքալաքի ոստիկանությունում գողության փաստով 5 քրեական գործ է հարուցվել, 4 գործով սկսված է քրեական հետապնդում և 4 գործով դատարանը որոշում է կայացրել:
Իսկ 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին գողության փաստով 7 քրեական գործ է հարուցվել, միայն մեկով սկսված է քրեական հետապնդում, և կայացրած է մի դատական որոշում:
jnews-ը փորձեց առանձին-առանձին զրուցել տուժած մարդկանց հետ, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մեր առաջին զրուցակցի տնից գողություն է կատարվել մի քանի ամիս առաջ: Գողացել են ոսկեղեն և փող: Գողության գործով Ախալքալաքի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Սակայն մինչ օրս որևէ նորություն կապված գործի հետ չկա:
«Մոտավոր 12 ժամ անց իմացա, որ գողություն է կատարվել, դիմեցի ոստիկանություն և շատ մեծ հույս ունեի, որ կբացահայտվի: Ոստիկանությունը տեղյակ չի պահում, նրանք ասում են սպասեցեք, ես չգիտեմ, չունեմ պատասխան, ինչքան կարելի է սպասել: Կոնկրետ հարց եմ տալիս, իսկ իրենք բացատրում են, որ գաղտնի հետաքննություն է տարվում, աշխատանքի ձևն է այդպես: Իմ կարծիքով պետք է հսկեն ոսկի վաճառողներին, սրահները, որտեղ ոսկու քանակը շատանում է», – նշեց մեր զրուցակիցը (խմբ. մարդկանց անունները հատուկ չենք նշում):
Նրա խոսքով բոլոր գողությունները իրար նման են, նույն ձեռագիրն է, գողերը այնքան լավ են աշխատում, որ համարյա թե հետք չեն թողնում:
«Նրանք պրոֆեսիոնալ են աշխատում, ոչինչ չեն վաճառում, թողնում են, սպասում, որ տարիներ անցնի: Ես իմ համար առանձին հետաքննություն եմ իրականցնում: Հետաքրքրվել եմ Ախալքալաքում կատարված բոլոր գողություններով, զարմանում եմ ինչ ձևի են աշխատում գողերը: Այսինքն, մենք չունենք այդ աստիճանի պատրաստված, պրոֆեսիոնալ ոստիկաններ, կամ՝ չգիտեմ: Տեխնիկայի դարում երբ ամեն ինչ հնարավոր է, ինչպես կարելի է չբացահայտել»:
Հետաքրքիր է, որ բնակարանային գողությունները միշտ կատարվում են նույն օրինաչափությամբ: Մարդիկ ամիսներ կամ լավագույն դեպքում մի քանի օր անց են գլխի ընկնում, որ իրենց տնից գողություն է կատարվել:
«Ամիսներ է անցել մեր տան գողությունից, իմ միակ հույսը այսօր գողերի սխալն է, որ նորից փորձեն գողություն անել ու բռնվեն, ամեն ինչում չափ գոյություն ունի, վերջապես կա արժանապատվություն ոստիկանության համար, որ էլ վերջ, հերիք է, ինչքան կարելի է: Չեք կարող պատկերացնել, դեպք է եղել մարդը գողության ժամանակ տուն է գնացել, պատուհանը բաց է եղել, տան բանալին մոտը չի եղել, հայաթ է մտել, տեսել է պատուհանը բաց է: Մտածել է, որ տնեցիք են պատուհանը բաց թողել, բայց գողերը եղել են իրենց տանը: Դեպք է եղել տանը նորածին երեխա է եղել, իրենք տնից փաստացի 40 րոպե են բացակայել: Գողերը սարսափելի հաջողակ մարդիկ են»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր մյուս զրուցակիցը կոնկրետ չի կարող ասել, թե երբ և ինչ հանգամանքներում է կատարվել իրենց տան գողությունը: Պատահական հարսանիք գնալուց առաջ են հասկացել, որ այլևս ոսկի չունեն: Վերջիններս սկզբից ոստիկանություն չեն դիմել և իրենց սեփական հետաքննությունն են իրականացրել և մոտավոր երկու ամիս անց, իրենց կարծիքով, գրեթե բացահայտել են: Տարբեր մարդկանց մոտ հայտնված ոսկյա զարդեղենն անձամբ են տեսել ու համոզվել, որ դա իրենցն է: Դիմել են ոստիկանություն: Արդեն չորս տարի է անցել, գողության գործը ոչ միայն բացահայտված չէ, այլև տուժող կողմը ստիպված է եղել Ախալքալաքի ոստիկանության դեմ բողոք գրել իրենց ստորագրությունը կեղծելու փաստով:
«Սկզբից ոստիկանություն չդիմեցի և որոշեցի հույսս դնեմ Աստծո և մարդկային խղճի վրա: Զոր ու գիշեր մեզ հարցաքննության էին կանչում, հետո պարզվեց, որ ժամը 6-ից հետո իրավունք չունեն: Հետո ասացին, որ տղաս է կազինոյում տարվել, ասացի տղաս 6 տարեկան է, հետո ժամեր անց փոխեցին, ասացին աղջիկդ է տվել տան բանալիները: Վստահ եմ գողերը հանգիստ, ազատ ման են գալիս, փոխանակ գողերին հարցաքննության կանչեն, այլ իմ անչափահաս երեխաներին են սթրեսի ենթարկում: Ես ոստիկանությանը դիմում եմ, խնդրում, որ կատարված գողությունը բացահայտեն, փոխարենը նրանք իմ ստորագրությունն են կեղծում», – ասաց մեր մյուս զրուցակիցը:
Վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ մարդկանց խանութներն են թալանում: Սակայն այստեղ հետաքրքրական է մեկ այլ իրողություն: Ոստիկանները տուժող կողմին առաջարկում են ոստիկանություն բողոք չգրել, իրենք խոստանում են բացահայտել և գողոնը վերադարձնել:
«Մոտ 6 ամիս առաջ իմ խանութից մոտավոր հաշվարկով 300-350 լարիի ապրանք էին գողացել: Ոստիկանությունից եկան, նայեցին, ամեն ինչ գրանցեցին, բայց ասացին բողոք մի գրեք, մենք հետքի վրա ենք, կբացահայտենք: Այդպես էլ եղավ, մոտ 2 ամիս անց այդ խմբին ոստիկանությունը բացահայտեց, եթե ճիշտ եմ հիշում, հերթական անգամ նրանք փորձել էին Ծալկայում խանութ թալանել և բռնվել էին: Մինչև հիմա ինձ համար գաղտնիք է, իմաստը չեմ հասկանում, թե ինչու ոստիկանությունը մեզ խնդրեց դիմում չգրել», – ասաց մեկ այլ տուժող, ում արդեն փոխհատուցել են գողոնի դիմաց:
Այնուամենայնիվ Ախալքալաքում մարդիկ սկսել են մի քանի անգամ ստուգել դռները և պատուհանները քնելուց կամ տնից դուրս գալուց առաջ: Եվ ամեն չբացահայտված գործը ավելացնում է մարդկանց դժգոհությունը իրավապահ մարմիններից: