Ախալցիխեի մունիցիպալիտետում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ հողերի համակարգային գրանցման բարեփոխումների շրջանակներում։ Հանդիպմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, նրա տեղակալ Շոթա Ռոստիաշվիլին և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, Արդարադատության նախարարության հանրային ռեեստրի ազգային գործակալության փոխնախագահ Վախթանգ Բոխաշվիլին և գործակալության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մանրամասն քննարկվել և ներկայացվել է հողերի գրանցման համակարգված բարեփոխման շրջանակներում իրականացվող աշխատանքները։
Ախալքալաքի մունիցիպալիտետեում հողերի գրանցման գործընթացը վերսկսվել է փետրվարի սկզբին։ Չափագրում սկսվել է ինչպես քաղաքում, այնպես էլ Կուլիկամ և Խուլգումո գյուղերում, ինչը պետք է շարունակվի նաև այլ գյուղերում։ Ինչ վերաբերվում է Ախալցիխեին, ապա այնտեղ առաջիկա ամիսներին ամբողջությամբ կչափագրվեն վարչական միավորում ընդգրկված գյուղերը։
Հողամասերի համակարգված գրանցումն իրականացվում է Վրաստանի ողջ տարածքում՝ երկրի 59 մունիցիպալիտետներում (բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների և օկուպացված տարածքների)։
2022 թվականից ի վեր չափագրվել է 776 297 հողամաս։ Սեփականության իրավունքը գրանցված է 603 110 հողամասի վրա։
Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը պլան-ժամանակացույցի համաձայն՝ 2022-2024 թվականներին չափում և գրանցում է մասնավոր, պետական կամ մունիցիպալ սեփականության հողամասերը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի և տների անվճար գրանցումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիսկա գյուղից։ Հանրային ռեեստրի աշխատակիցները գյուղի բնակիչների 17 տոկոսի տներն ու տնամերձ հողատարածքները չափագրել են ու հեռացել։ Դրանից հետո՝ 2023 թվականին, մունիցիպալիտետում հողամասերի և բնակելի տների անվճար գրանցումը դադարեցվել էր և միայն այս տարվա սկզբին է վերսկսվել։
Բարեփոխման իրականացման արդյունքում կստեղծվի միասնական ճշգրիտ կադաստրային և իրավական պատկեր (քարտեզ)։ Կզարգանա նաև անշարժ գույքի շուկան։