Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ավարտվել է «Վրացական երազանք» կուսակցության համաժողովները։ Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ադիգենում, Ասպինձայում, Ախալցիխեում և Բորժոմում ընտրվել են տեղական կառույցների նախագահներ և բյուրոյի անդամներ։ Ախալքալքում «Վրացական երազանք»-ը կգլխավորի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Իսկ Մակարյանի համար առաջնահերթությունը երկրի խաղաղությունն է։

«Մեր կուսակցության ընդհանուր նպատակն է ավելի բարելավենք մեր երկիրը և ամեն ինչ ավելի հասանելի լինի մեր ժողովրդին», – Jnews-ին ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Նինոծմինդայում ևս նախագահ է ընտրվել քաղաքապետը՝ Անիվարդ Մոսոյանը։ Բացառություն չեն նաև Սամցխե-Ջավախքի մնացած մունիցիպալիտետները, այնտեղ նույնպես ընտրվել են քաղաքապետները։ Ասպինձայում՝ Ռոստոմ Մագրաքվելիձեն, Ադիգենում՝ Գոչա Քիմաձեն, Ախալցիխեում՝ Իրակլի Լազարաշվիլին և Բորժոմիում՝ Օթար Արբոլիշվիլին։

Համաժողովին մասնակցել են «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալցիխեի, Ադիգենի, Բորժոմի և Ասպինձայի մեծամասնական պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի նախանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։