Jnews-ը կատարել է տնտեսական հաշվարկ, ըստ որի՝ 2022 թվականին կարտոֆիլի ինքնարժեքը կաճի 60%-ով՝ անցած տարվա համեմատ: Ինչպիսի՞ բերք կստացվի աշնանը, Ախալքալաքի երկրորդ հացը կունենա՞ արդյոք այնպիսի պահանջարկ, ինչպիսին 2021 թ.-ի աշնանն էր, կշահի՞ արդյոք ջավախքցի հողագործը, թե՝ կտուժի, – այս և այլ հարցերի պատասխանները փորձել է պարզել Jnews-ը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում արդեն սկսվել է կարտոֆիլի ցանքսը, ամեն տարի այս սեզոնին գյուղացիները և ֆերմերները տարբեր խնդիրների են բախվում: Այս տարվա թանկացումները գյուղացիներին երկընտրանքի առջև են կանգնեցրել՝ ցանել նույն չափով կարտոֆիլ, ինչքան անցած տարի էր, ավելացնել ցանքատարածությունները, թե՝ ընդհակառակը:

Չնայած, որ բերքահավաքը 2021 թվականի աշնանը ուշացավ և կարտոֆիլը ցրտահարվեց դեռ հողի մեջ, սակայն անցած տարին բավականին հաջողակ էր Ջավախքի կարտոֆիլագործների համար: Բարձր պահանջարկի արդյունքում աշնանը կարտոֆիլի գինը բարձրացավ:

Ըստ Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովի, անցած տարվա բարձր պահանջարկը պարտադիր չէ, որ լինի նաև այս տարի, դա կախված է բերքից և պահանջարկից, նաև այն երկրներում՝ որոնց հետ առևտրային հարաբերություններ ունենք:

«2021 թվականին Ռուսաստանում կլիմայական պայմանների պատճառով կարտոֆիլի շուկայում դեֆիցիտ էր առաջացել, արդյունքում բարձրացավ վրացական կարտոֆիլի պահանջարկն Ռուսաստանում, ինչն էլ իր հերթին բերեց նրան, որ Ախալքալաքում ևս բարձրացավ կարտոֆիլի գինը», – ասում է Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրենը։

Geostat.ge-ի տվյալներով, 2022 թվականի հունվար-մարտին Վրաստանից արտահանվել է աննախադեպ մեծ քանակությամբ՝ 2,341 մլն դոլարին համարժեք կարտոֆիլ, ինչը 270%-ով գերազանցել է 2021 թվականի նույն ժամանակահատվածի արտահանման ցուցանիշը (624,6 հազար դոլար)։

eqsporti
Infogram

Թե ինչպիսի իրողություն կլինի այս տարի, մասնագետները դժվարանում են կանխատեսել:

«Իմ կարծիքով, այս տարին բերքատու կլինի, բայց մյուս կողմից բերքատվության վրա կարող է ազդել պարարտանյութի պակասը, թանկացման պատճառով հնարավոր է ֆերմերները չկարողանան տալ համապատասխան քանակության պարարտանյութ: Այս տարի կթանկանա ոչ միայն կարտոֆիլի, այլ նաև շատ ուրիշ մթերքների ինքնարժեքը, քանի որ սերմացուի, արտադրման համար անհրաժեշտ նյութերի գները կրկնապատկվել են», – ասում է Մախարե Մացուկատովը:

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնի տվյալների՝ 2022 թ.-ի առաջին կիսամյակում (հունվար-մարտ) 615 100 դոլարի սերմացու է ներկրվել Վրաստան, 2021 թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 543 700 դոլարի, ըստ այդմ՝ սերմացուի ներկրումը 2022 թ.-ին աճել է 13%-ով: Այս թվերից կարելի է եզրակացնել, որ այս տարի Վրաստանում հողագործներն ավելի շատ կարտոֆիլ կցանեն:

Jnews-ը տնտեսական հաշվարկ է կատարել կարտոֆիլի ինքնարժեքը սահմանելու համար 2021 և 2022 թվականներին: Հաշվարկը կատարել ենք 1 հեկտար հողատարածքում կարտոֆիլի աճեցման ծախսերի հիման վրա։ 2022 թվականի կատարվելիք ծախսերը հաշվված է ապրիլ ամսվա գներով:

TviTghirebuleba
Infogram

Jnews-ի հաշվարկը

Կարտոֆիլի ինքնարժեքի հաշվարկի մեջ մտնում է՝

1. Տեխնիկայի ծախսը միջին հաշվարկով աճել է 72%-ով, վառելանյութի ծախսը 7 անգամ մշակելու դեպքում (ընդհանուր 175 լիտր), այն 2021 թվականի համեմատ կաճի 82․8%-ով: Ոչ սեփական տեխնիկայի դեպքում, մեկանգամյա մշակման համար 200 լարի ծախսով, 2021 թվականի համեմատ ծախսը աճել է 67%-ով։

2. Պարատանյութեր և թունաքիմիկատներ. 2 տեսակի պարարտանյութ օգտագործելու դեպքում (10 և 5 պարկ), որոնք արժեն մոտավոր 70 և 150 լարի, 2021 թվականի համեմատ թանկացել է 93,3%-ով։ Թունաքիմիկատների համար անհրաժեշտ է ծախսել 34% ավելի:

3. Աշխատուժ. այն 2021 թվականին թանկացել էր 75%-ով։ 15 աշխատողի համար 1 օրում 2020 թվականին ֆերմերը վճարել է 600, իսկ 2021 թ.-ին 1050 լարի։ Աշխատուժի համար ծախսը ֆերմերը անում է մոտավոր 4 անգամ։

4. Սերմացու. անհրաժեշտ է 4 տոննա կարտոֆիլ, միջին հաշվարկով 1կգ սերմացուն այս տարի արժե 1,2 լարի, հաշվի առնելով տարբեր կարգի սերմացուի ձեռքբերում։ 2022 թվականին թանկացել է 20%-ով։

5. Բերքատվություն. եթե 1 հեկտարից 2022 թվականի աշնանը ֆերմերը ստանա միջինը 25 տոննա վաճառքի կարտոֆիլ:

Economics
Infogram

Ըստ Մախարե Մացուկատովի, ֆերմերները չպետք է մտածեն միայն Ռուսաստան արտահանելու մասին, հնարավոր է այս տարի Ռուսաստանը վրացական կարտոֆիլի պահանջը չունենա, նրանք պետք է փնտրեն նաև ուրիշ շուկաներ։

Դժվար է կանխատեսել, թե ի՞նչ գին կունենա կարտոֆիլը աշնանը, քանի որ հարցը կախված է մի շարք հանգամանքներից, որոնցից թերևս ամենակարևորը խոշոր արտահանման երկրների պահանջն է վրացական կարտոֆիլի հանդեպ։ Ախալքալաքի հողագործի քրտնաջան աշխատանքը սկսվում է, կստանան արդյո՞ք նրանք համապատասխան բերք և աշխատանքի հատուցում պարզ կլինի աշնանը:

Նշում. Այս հոդվածը պատրաստվել է MediaTOR նախագծի վարժանքների արդյունքում: Ծրագրին աջակցում է Ամերիկայի ժողովուրդը USAID-ի միջոցով: Նախագիծը իրականացվում է ISET Policy Institute-ի և Internews Georgia-ի կողմից՝ ԱՄՆ Տնտեսական կառավարման ծրագրի շրջանակներում: Հեղինակի կարծիքները կարող են չհամապատասխանել USAID կամ ԱՄՆ կառավարության դիրքորոշմանը: