Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին պետությունը սկսել է քաղցկեղով ախտորոշված երեխաների բուժման աննախադեպ ծրագիր՝ բոլոր շահառուների բուժումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Իսպանիայի, Իսրայելի և Թուրքիայի առաջատար բարձր տեխնոլոգիական բժշկական հաստատություններում ամբողջությամբ ֆինանսավորվում է։

Ըստ նրանց՝ ծրագիրը վերջերս ընդլայնվել է, և 3 նոր կլինիկա է ավելացվել՝ շահառուներին բարձրակարգ բժշկական ծառայություններն արդեն մատուցում են «Աջիբադեմի հիվանդանոցը», «Լիվ հիվանդանոցը» և «Մեմորիալ հիվանդանոցը»։

«Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն արդեն հնարավոր է 6 կլինիկաներում, այդ թվում՝ Իսրայելի և Իսպանիայի բարձր տեխնոլոգիական բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում։ Առողջապահության նախարարությունը ակտիվորեն աշխատում է եվրոպական այլ առաջատար բժշկական հաստատությունների հետ։

Քաղցկեղի ախտորոշումով երեխաների արտերկրում բուժման ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի օգոստոսին։ Մինչ օրս ծրագրում ընդգրկվել է ավելի քան 50 երեխա։ Ծրագիրը ֆինանսավորում է ախտորոշիչ և բուժման կուրսեր՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, վիրաբուժություն և պրոտոնային թերապիա։

Մինչև 18 տարեկան ուռուցքաբանության ախտորոշումով անձանց արտերկրում բուժման ծրագիրը անցումային փուլ է հանդիսանում՝ մինչև Վրաստանում ժամանակակից չափանիշներին համապատասխան և բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած մանկական ուռուցքաբանության պետական կենտրոնի բացումը, որի մասին հայտարարել էր առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին 2022 թվականի դեկտեմբերին: Այս կենտրոնում բժշկական ծառայությունների ողջ տեսականին հասանելի կլինի մեկ տարածքում»,- նշվում է տեղեկատվության մեջ։