Բալխո գյուղի բնակիչները արդեն 4 տարի է, ինչ Առողջապահության նախարարությունից և Ախալքալաքի իշխանություններից պահանջում են իրենց բուժքույր տրամադրել, ով կկարողանա մշտապես գյուղում լինել և առաջին բուժօգնություն ցուցաբերել յուրաքնաչյուրին:
Գյուղացիները մշտապես առաջին բուժօգնության խիստ կարիք ունեն և անհանգստացած են, որ արդեն տարիներ շարունակ խնդիրը լուծում չի ստանում:
Գյուղում նշում են. «Մեզ օդ ու ջրի պես բուժքույր է պետք: Կրճատում եղավ և մեր բուժքրոջը հանեցին: Սակայն ամեն անգամ խնդրանքով նորից իրեն օգնությանն ենք դիմում: Բոլոր պատկան կառույցներին դիմել ենք, հավաքական նամակ գրեցինք նախարարությանը, մեզ պատասխանեցին, որ շատ գյուղեր չունեն բուժքույր և նոր հաստիք բացվելու դեպքում հաշվի կառնեն մեր պահանջը»:
Մոտ 600 բնակիչ ունեցող բնակավայրը օրվա յուրաքանչյուր ժամին առողջական խնդրի դեպքում դիմում է նախկին բուժքրոջը:
«Մենք ուզում ենք, որ անմիջապես գյուղում աշխատող քույր ունենանք, վատանալ է բան է, մենք անընդհատ իրեն ենք դիմում, մենք գյուղի մարդուն ենք ուզում: Ինչքան կարող ենք Բուղաշեն վազել: Ստամոքսի ցավ ունեմ, և միշտ դիմում եմ Մանուշակի օգնությանը: ճիշտ է, նա գալիս է առանց սրտնեղելու, բայց մեկ-մեկ վատ եմ զգում, ինչքան կարելի է էդ կնոջը խնդրել», – ասաց 50 տարեկան մի կին, ով չցանկացավ ներկայանալ:
Մանուշակ Ավագյանը արդեն 30 տարի է բուժքույր է, սակայն 2014-ից նա գրանցված աշխատող չէ: 1984-ից մինչև 2014 թվականը վերջինս աշխատել է որպես բուժքույր: Հետագայում Բալխո, Բուղաշեն և Զակ գյուղերին մեկ հաստիք է տրվել, ինչի հետևանքով Մանուշակ Ավագյանը կրճատվել է:
«Եղել է տարիներով առանց աշխատավարձի աշխատել եմ, հիմա էլ ով կանչում է, գնում եմ: Ես բուժքույր եմ, չեմ կարող օգնության չհասնել: Ախալքալաք, Ախալցիխե բոլորին դիմել եմ, դեռ անորոշ վիճակ է»,- ասում է Մանուշակ Ավագյանը:
Ախալքալաքի շրջանի 64 գյուղերից ընդամենը 39 գյուղերում բուժքույրեր կան: Եվ ընդամենը 14 բժիշկ է հսկողություն տանում ամբողջ շրջանում: Մի բժշկին մոտավոր 5-6 գյուղ է հասնում:
«Գրությամբ դիմեցինք Ախալքալաքի Վարչությանը, որ 4 գյուղերում նոր հաստիք բացվի, բայց պատասխան չեղավ: Նոր հաստիք չի բացվում միայն ֆինանսների բացակայության պատճառով, տեսնենք, մենք էլ հույսով սպասում ենք, որ նոր նշանակումներ կլինեն: Գյուղերի վիճակը ծանր է, գոնե բուժքույր ունենան և հասարակ սրսկման համար չհասնեն Ախալքալաք», – ասում է Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը:
Առողջապահության կենտրոնը գրությամբ դիմել է՝ Մուրջախեթ, Խուլգումո, Ագանա, Մոդեգամ և Բալխո գյուղերում բուժքրոջ, իսկ Բեժանո, Կոկիո, Սուլդա, Դադեշ, Կարծախ գյուղերում բժիշկների առաջնահերթ անհրաժեշտության համար:
Գյուղական բուժքույրերին նշանակում է Առողջապահության նախարարությունը, որը համապատասխան գրություն է ուղարկում Ախալցիխեում գտնվող Առողջապահության գործակալությանը, որ տվյալ գյուղում բժշկի կամ բուժքրոջ հաստիք է բացվել: Արդեն գործակալությունը իր հերթին նշանակում է:
Իսկ թե երբ Բալխոն կունենա բուժքույր մնում է դեռ անհայտ:
Աղունիկ Այվազյան