Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածում կանոնակարգի առնչությամբ, որով սահմանափակվում է մինչև 2013 թվականը արտադրված ավտոմեքենաների ներմուծումը երկիր։
Գերատեսչության տվյալներով՝ մարդատար ավտոմեքենաների համար կանոնակարգն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ ավտոբուսների և բեռնատարների համար այն կկիրարկվի 2025 թվականից։
«Բնապահպանական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է օդի աղտոտվածությունը նվազագույնի հասցնելը։ Ելնելով վերոգրյալից՝ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը՝ Վրաստանի խորհրդարանի հետ համատեղ, ընդունել է մի շարք կանոնակարգեր, որոնց կիրարկման և իրականացման գործընթացն ակտիվորեն ընթանում է։
Կարևորագույն կանոնակարգերից մեկը, որն ընդունվել է տրանսպորտի ոլորտի կողմից օդի աղտոտվածությունն աստիճանաբար նվազեցնելու նպատակով, նախատեսում է 2024 թվականի հունվարի 1-ից սահմանափակել մինչև 2013 թվականը արտադրված ավտոմեքենաների ներմուծումը երկիր։ Ավտոմեքենան, որի արտանետումների ստանդարտը չի համապատասխանում Եվրո 5-ին, այլևս չի կարող հաշվառվել Վրաստանում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ նախարարությունը մշտական կապի մեջ է եղել ավտոմեքենա ներկրող ընկերությունների հետ, որոնց տեղեկացվել է, որ կանոններն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից։
Նրանց տեղեկություններով, չնայած դրան, 2023 թվականի վերջին՝ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաշվի առնելով Վրաստան մեքենաներ ներկրող ընկերությունների խնդրանքը, Վրաստանի Կառավարությունը սահմանել է արտոնություն, և կանոնակարգն այլևս չի տարածվում այն մեքենաների վրա, որոնց փոխադրումն իրականցվել է արտահանող երկրից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը։
Այստեղ նախարարությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ տեխնիկական կանոնակարգը չի վերաբերելու հանրապետությունում արդեն գրանցված մեքենաներին, ինչպես նաև մեքենաների արտահանմանը, վերաարտահանմանը և տարանցմանը։
Աղբյուրը՝ Bizzone.info