Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է` հավաքելով ձայների 48.56 տոկոսը (համամասնական ցուցակներով), իսկ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում»-ը հավաքում է ձայների 31.23 տոկոսը: Այս տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասերի 38,63 տոկոս քվեաթերթիկները մշակելուց հետո:

Ըստ ԿԸՀ-ի` երրորդ տեղում է նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 6,87 տոկոսով:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին, ապա ընտրատեղամասերի 41.61 տոկոսի ձայների մշակումից հետո առաջատարն է վարչակազմի գործող ղեկավար Կախա Կալաձեն` 45.5 տոկոսով: Նրա հիմնական հակառակորդը ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ստացել է 34.13 տոկոս ձայն, և երրորդ տեղում է Գախարիան՝ ձայների 8,97 տոկոսով:

Եթե բոլոր տեղամասերի տվյալները հաշվելուց հետո թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոս, ապա մայրաքաղաքում կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ` երկու հիմնական թեկնածուների մասնակցությամբ:

Այս պահին եղած արդյունքներով` երկրորդ փուլ կանցկացվի երկրի հինգ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի, Զուգդիդի և Քութայիս: