Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեում չկա հասարակական տրանսպորտի մեկ գծի փորձնական գործարկման համար տրանսպորտի գնման համար տեղական իշխանությունների խոստացած կետը։ Սակայն քաղաքապետարանից Jnews-ին հայտնել են, որ այս խոստումը կյանքի կոչելու երկու տարբերակ կա, որը կատարվել է ի պատասխան բնակչության խնդրագրի։
Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականի բյուջեում որոշվել է տրանսպորտի գնումը ներառել հասարակական տրանսպորտի մեկ երթուղի փորձարկելու համար, ծախսը բյուջեում ներառված չէ։ Քաղաքապետարանից պատճառաբանություն չտվեցին, սակայն ասացին, որ բյուջեի նախագծում այս կետը ներառված չէ, սակայն աշխատանքները կիրականացվեն 2024 թվականի ընթացքում՝ բյուջեի փոփոխությունների արդյունքում։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, բյուջեի հաջորդ ճշգրտման ժամանակ այս կետը մտցնելու հնարավորություն կա: Կա նաև դրամաշնորհից համաֆինանսավորմամբ տրանսպորտ ձեռք բերելու հնարավորություն։
«Ինչպես մենք պայմանավորվել ենք, մեկ գիծ է աշխատելու: Միայն մեկ հարց կա, մենք դիմել ենք դրամաշնորհի համար, սպասում ենք պատասխանի, եթե շահենք դրամաշնորհը, կպատրաստենք փաստաթղթերը: Դրամաշնորհը համաֆինանսավորելու է 60/40 տոկոս, իսկ եթե չշահենք, ապա դա ամբողջությամբ կիրականացնենք տեղական բյուջեով՝ հաջորդ բյուջեի ճշգրտումներում դրա համար միջոցներ հատկացնելով»,- ասում է նա։
Քաղաքապետը հայտնեց նաև, որ զուգընթաց աշխատանքներ են տարվում նաև այլ մունիցիպալիտետների փորձի ուսումնասիրության ուղղությամբ։
«Հենց տրանսպորտային միջոցն ունենանք, մենք իրավական կողմը կուսումնասիրենք: Մենք փորձնական գիծ ենք ուզում գործարկել, ուղղությունը դեռ ընտրված չէ: Եղել են բանակցություններ, քննարկումներ, կարծիքների փոխանակում, այսօր ամենաերկար գիծը, որը նաև ասֆալտապատված է՝ Բեժանո գյուղի ուղղությամբ է, մոտ 10-15 գյուղ ներառում է այս ուղղությունը: Սա կազմակերպելը դժվար է և իրեն չի արդարացնում, եթե այս հարցը արդիական ու արդյունավետ լիներ, միանշանակ կդառնար լուրջ բիզնես, պահանջված ժողովրդի շրջանում»,- ասում է Մելքոն Մակարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ սա սուբսիդավորվի պետության կողմից, Ախալքալաքի քաղաքապետն ասում է, որ պետությունը կարող է գնել միայն տրանսպորտը։ Մունիցիպալիտետն ուներ այս նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու պահանջ ներկայացնելու ընտրություն, սակայն նախընտրեց ձեռք բերել աղբահանության տեխնիկան:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» կազմակերպության երիտասարդական խմբից (Jnews) խնդրագիր էր ներկայացվել Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո։ Խնդրագիրը քաղաքում և
մունիցիպալիտետի գյուղերում մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու վերաբերյալ էր։
Սակրեբուլոյում պատգամավորները համաձայնեցին, որ, իրապես, մունիցիպալիտետը հասարակական տրանսպորտի կարիք ունի, և հավանություն տվեցին մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու գաղափարին։ Սակրեբուլոյի բյուրոն հավանություն էր տվել խնդրագրի գաղափարին և փաստաթուղթն ուղարկել քաղաքապետարան՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու համար։ Քաղաքապետարանում ըմբռնումով էին ընդունել այդ միտքը, բայց նաև դրա դեմ բազմաթիվ փաստարկներ է ունեցել, այդ թվում, որ
մունիցիպալիտետն ունի շատ ավելի կարևոր խնդիրներ՝ ճանապարհների, խմելու ջրի բացակայություն, և առավել եւս, որ հնարավոր չի լինելու ապահովել տրանսպորտը միանգամից բոլոր գյուղերում, ինչն իր հերթին կառաջացնի բնակչության դժգոհությունը։ Նաեւ հասարակական տրանսպորտի կարգավորման դժվարությունը։ Սակայն, ի վերջո, որոշում կայացվեց 200 հազար լարի հատկացնել տրանսպորտի մեկ միավոր գնելու և մեկ երթուղի գործարկելու համար, որպեսզի տեսնեն, թե ինչ արդյունք դա կտա: Եթե գիծն իրեն չարդարացնի, տրանսպորտը կօգտագործվի մունիցիպալիտետի այլ նպատակների ու կարիքների համար:
Դրանից հետո Jnews-ը հետևողական էր այս հարցում և քաղաքապետարանից պարբերաբար հարցնում էր, թե արդյո՞ք հանրային տրանսպորտի ապահովման հարցը ներառվելու է 2024 թվականի բյուջեում, ինչին դրական պատասխան էր ստանում։ Եվ սրանից հետո էլ Jnews-ը հետևողական է լինելու այս հարցում, քանի որ շրջանի բնակչության համար հասարակական տրանսպորտի անհրաժեշտությունն ավելի ու ավելի սուր է զգացվում։