Ախալքալաքի շրջանի տարբեր դպրոցների ուսուցիչներ ասում են, որ իրենց 15-ական լարի են բաժանել «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբից։ Սակայն այնտեղ հերքում են այս տեղեկությունը։
Ըստ ուսուցիչների խոսքերի, որոշ դպրոցների գումարը տրամադրվել է որպես ճանապարհածախս, որոշներին՝ որպես շնորհակալություն, որ մասնակցել են նոյեմբերի 18-ին Ախալքալաքում տեղի ունեցած Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզարշավին, իսկ ոմանց էլ, որպես այդ օրվա սննդի գումար։ Որոշ դպրոցներում գումարը ստացել էին քարոզարշավի հաջորդ օրը, իսկ որոշ գյուղերում գումարը ստացել են 1-2 օր առաջ։
«Մեզ 15-ական լարի տնօրենը բաժանեց, ասաց որ ձեր կիրակին մեզ եք տրամադրել, հավաքի եք եկել, իսկ մենք չենք կարողացել ձեզ հյուրասիրել»,- ասաց Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկի դպրոցի ուսուցիչներից մեկը:
Հավելելով, որ դա նորմալ է, քանի որ բոլորն են վերցրել այդ գումարը: Մեր հարցին, թե ում անունից են գումար բաժանել, վերջինս պատասխանեց՝ «ոչինչ չեն ասել, պարզապես ասացին հյուրասիրություն է «Վրացական երազանքի» կողմից»:
Որոշ դպրոցներում գումարը տրամադրելիս ասել են, որ ճանապարհածախս է։
Քաղաքի դպրոցներում ևս գումար է բաժանվել, սակայն մեր տեղեկությունների համաձայն, #3 վրաց դպրոցի ուսուցիչները հետ են վերադարձրել գումարը։ Իսկ #2 ռուսաց դպրուցում գումար չեն բաժանել։ Սակայն մի քանի օր անց Հենզել Մկոյանի անունից խնջույք է տրվել նոյեմբերի 23-ին, Գեորգոբայի տոնին:
«Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի նախընտրական շտաբը հերքում է այս տեղեկությունը նշելով.
«Ես ընդհանրապես դրանից գաղափար չունեմ, տեղյակ չեմ: Կա՞ դպրոցի տնօրեն, որ ասի ես գումար եմ տվել: Թող գան, իմ երեսիս ասեն, որ փող եմ տվել կամ առաջարկել: Շտաբն էլ տեղյակ չէ, ես գիտեմ, որ շտաբը ագիտատորներին ստորագրությամբ գումար է տալիս, բայց ոչ բաժանել: Հիմա ինչ ասես կարող են խոսել, բայց ում բերանը կարող եմ փակել, թող դիմում գրեն, դատարան դիմեն, հետաքրքրվեն այդ գործով»,- ասաց Ախալքալաքում «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատու, Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: