Ախալքալաքի մունիցիպալիտետում գրեթե մեկ շաբաթ է, ինչ վերսկսվել են գրանցման ենթակա հողատարածքների չափագրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են հողերի անվճար գրանցման պետական ծրագրով։ Հանրային ռեեստրի մի խումբ աշխատակիցներ Ախալքալաքում և գյուղերում ճշտում, նույնականացնում և չափագրում են բնակիչների հողամասերը։ Հանրային ռեեստրից ստացված տեղեկատվության համաձայն, մինչև 2024 թվականի վերջ, մունիցիպալիտետում, ինչպես նաև ողջ Վրաստանում, ոչ մի չգրանցված հողատարածք չի մնա։
Հանրային ռեեստրի աշխատակիցները, փետրվարի 8-ի առավոտյան, Կուլիկամ գյուղում սկսեցին չափագրումները։ Նրանք ճշտում էին բնակիչների տների և տնամերձ հողամասերի սահմանները, որոնք իրենք պատրաստել էին էլեկտրոնային եղանակով։ Բաժանվելով մի քանի խմբերի, նրանք մտնում էին յուրաքանչյուր տուն և ճշտում իրենց ունեցած տեղեկությունները։ Խմբերն այս փուլում միայն ճշտում, չափագրում են տներն ու տնամերձ հողամասերը և փոփոխություններ կատարում իրենց բազայում։
Կուլիկամի խմբերից մեկին ուղեկցում էր քաղաքապետի ներկայացուցիչ Ալիկ Ուզունյանը։
Հանրային ռեեստրի աշխատակիցը էլեկտրոնային տարբերակով ուներ հողամասերի սահմանների տվյալների բազան։ Նա տան տիրոջ հետ ստուգում էր տան և տնամերձ հողամասի սահմանները և պլանշետի միջոցով փոփոխություններ կատարում տվյալների բազայում։ Տվյալները ճշտելուց հետո գրանցում էր տան տիրոջ անձնագրային տվյալները, կոնտակտները ու անցնում հաջորդ տուն։
Կուլիկամ գյուղի բնակիչ Վասյա Միրանյանը ցույց տվեց իր տունն ու հողամասը: Հանրային ռեեստրի աշխատակիցը պլանշետով նրան ցույց տվեց տան և տնամերձ հողամասի օդային լուսանկարը։ Վասյա Միրանյանը փաստացի ուներ ավելի քիչ հողատարածք, քան նշված էր նախնական էլեկտրոնային բազայում։
Աշխատակիցը փոփոխություններ կատարեց և գրանցեց սեփականատիրոջ տվյալներն ու կոնտակտները:
«Նա ցույց տվեց ավելի շատ, քան ես ունեմ: Ես այդքան հող չունեմ, ես ցույց տվեցի նրան իմ ունեցածը, նա գծեց սահմանները: Ես անցյալ տարի հողամաս եմ գնել, բայց նրանց տվյալները միևնույն է ցույց էին տալիս ավելի շատ տարածք, քան ես իրականում ունեմ: Նաև գծագրում ներառված չէր շինությունը, որը ես կառուցել եմ տնից մի փոքր այն կողմ: Աշխատակիցն ամեն ինչ գրեց, գծագրեց»,- ասաց Վասյա Միրանյանը։
Հանրային ռեեստրի աշխատակիցներն այցելել են նաև Կուլիկամի մեկ այլ բնակչի՝ Միշա Միրանյանին և ճշտել նրա սեփականության սահմանները։
«Մի երիտասարդ եկավ, չափումներ արեց, գծագիրը ճշտեց, իմ կոնտակտային տվյալները գրեց ու ասաց, որ մեկ ամսից պատասխանը կլինի: Այսօր միայն տներն են չափել, հողամասերը չափելու համար ասել են, որ մեկ ամսից կգան»,- ասաց Միշա Միրանյանը։
Գյուղերում աշխատանքային խմբերին դիմավորում են, ուղեկցում և օգնում են քաղաքապետի ներկայացուցիչներն ու մասնագետները, իսկ բնակիչներին անհրաժեշտ է միայն լինել տեղում, հանդիպել աշխատողների հետ և ցույց տալ իրենց սեփականության սահմանները:
Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի և տների անվճար գրանցումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիսկա գյուղից։ Հանրային ռեեստրի աշխատակիցները գյուղի բնակիչների 17 տոկոսի տներն ու տնամերձ հողատարածքները չափագրել են ու հեռացել։ Դրանից հետո՝ 2023 թվականին, մունիցիպալիտետում հողամասերի և բնակելի տների անվճար գրանցումը չէր վերսկսվել։ Շրջանի բնակիչները սկսել էին անհանգստանալ, որ այս ծրագիրն իրենց չի հասնի։ Տեղական իշխանությունները նույնպես սկսել էին անհանգստանալ, 2023 թվականի օգոստոսին նամակ գրեցին ու բացատրություն պահանջեցին, թե ինչու գործընթացը չի վերսկսվել։ Մի քանի ամիս անց Սակրեբուլոն Արդարադատության նախարարությունից ստանում է իր նամակի պատասխանը, որում նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են և կազմվել են ավելի քան 30400 չգրանցված հողամասերի եզրագծումներ (էլեկտրոնային), որոնք պետք է չափագրվեն և հստակեցվեն տեղում:
Վրաստանի Հանրային ռեեստրի հանրային կապերի ծառայության պետ Անու Փիլաուրին Jnews-ին տված հարցազրույցում ասաց, որ գրանցման աշխատանքային գրաֆիկում ճշգրտումներ են կատարվել, անվճար գրանցման գործընթացն իրականացվում է Վրաստանի ողջ տարածքում և պետք է ավարտվի մինչև 2024 թվականի վերջը։
«Անհանգստանալու կարիք չկա, եթե այս պահին հողի չափումներ չեն անում և միայն չափագրում են տները: Կլիմայական պայմանները խանգարում են այս բարեփոխման իրականացմանը, իսկ ձյան և անձրևի պայմաններում տեխնիկայի օգտագործումը բարդանում է: Շատ տեղերում կան բարդ տեղանքային պայմաններ, և խմբերի տեղաշարժը բավականին անապահով է: Եթե եղանակը չխանգարի, ապա այլ խոչընդոտներ չկան, բացառված է, որ մինչև այս տարվա վերջ ինչ-որ տեղ մնա առանց ուշադրության։ Ժամանակացույցի պլանն ունի իր հատուկ մոտեցումը, որն արագացնում է գործընթացը»,- ասաց Անու Փիլաուրին։
Նրա խոսքով, տեղում չափագրումներին զուգահեռ ընթանում են նաև գրանցման աշխատանքները։
Սկսված գրանցման դեպքերի և գրանցված տարածքների վերաբերյալ տվյալները կարելի է գտնել կայքում, սակայն, ըստ կայքի, վիճակագրության մեջ փոփոխություններ չեն եղել։ Մինչ օրս Ախալքալաքի մունիցիպալիտետում ցույց է տալիս ավարտված գրանցման 2 դեպք և 63 չափագրում։ Հանրային ռեեստրի կայքում «վիճակագրություն» բաժնում այս տվյալները չեն փոխվել 2023 թվականի փետրվարից։ Կայքում առկա ժամանակացույցը նույնպես չի թարմացվել, կամ աշխատանքներն ըստ ժամանակացույցի չեն իրականացվում։ Այսպիսով, ըստ այս ժամանակացույցի, Կուլիկամում, այն պետք է անցկացվեր 2023 թվականի մայիսին։