Ճիշտ է ուշացումով, սակայն այս տարի լիարժեք գործեց Ալմալի-Մուրջախեթ ոռոգման գիծը: Գյուղացիները գոհ են, բայց չգիտեն, թե որքան գումար են վճարելու:
Ախալքալաքի շրջանում ոռոգման սեզոնն ավարտվում է: Այս սեզոնի կեսից գործեց Ալմալի-Մուրջախեթ ոռոգման համակարգն, որը ոռոգման ջուր է տրամադրում մի քանի գյուղերի հողագործների դաշտերին:
Գրիգոլ Փանջիկիձեն Կոթելիա գյուղից 11 հեկտար հող է վարձակալում Չամդուրա գյուղի մոտ: «Ջուրը նորմալ հոսում է, որքան ջրում ենք, այդքան էլ վճարում ենք: Բայց գինը դեռ չգիտեմ, չեմ վճարել, ինչ էլ որ լինի, որ պետք է ջրել, որ բերք ունենանք: Ոռոգման համար ինձ մոտ 10 օր պահանջվեց», – ասում է Գրիգոլ Փանջիկիձեն:
Մանվել Մարգարյանը ապրում է Մուրջախեթ գյուղում, և նույնպես օգտվել է Ալմալի-Մուրջախեթ ոռոգման համակարգից, նա ընդհանուր առմամբ գոհ է, բայց նա էլ չի վճարել, ու որքան է վճարելու չգիտի:
«59 հար դաշտը երկու անգամ ջրել եմ: Գինը կհաշվեն, հետո կվճարենք: Կարծում եմ, թանկ չի լինի, հակառակ դեպքում ձեռք չի տա: Եթե 1 հա-ն արժենա 1.75 լարի, կարծում եմ, դա նորմալ է, բայց եթե ավելի շատ լինի, ապա ձեռք չի տա, քանի որ կարտոֆիլի գինը այնպիսին է, որ չի ծածկի ծախսերը», – ասում է Մանվել Մարգարյանը:
Ավթանդիլ Ցինցկալաձեն Մուրջախեթից մի անգամ կտրոնով վճարել է:
«Ես վճարեցի 75 թեթրի 1 հա-ի համար, բայց դեռ չեկ պետք է գա 1 հա-ն 1.75 լարի, էլեկտրաէներգիայի սպառման համար, քանի որ նասոս է աշխատել: 30 հար ոռոգել եմ երկու անգամ: Դեռ դժգոհ չեմ», – ասում է Ավթանդիլ Ցինցկալաձեն:
Ալմալի-Մուրջախեթ ոռոգման համակարգից օգտվել են նաև Չամդուրա գյուղի հողագործները: Բայց նրանք էլ չեն վճարել:
«Մենք գոհ ենք: Որքան պետք է վճարենք, դեռ չգիտենք, հետո կասեն, հաշվարկից հետո, իսկ դա կախված է նրանից, թե քանի կիլովատ էլեկտրաէներգիա է ծախսվել: Էլեկտրաէներգիայի ծախսը բաժանվելու է օգտագործողների միջև», – ասում է Սպարտակ Սանթոյանը:
Ալմալի-Մուրջախեթ ոռոգման համակարգով դաշտերի ոռոգման գինը, առանց պոմպ, 1 հա-ը ամբողջ սեզոնի ընթացքում արժե 75 լարի: Եթե գյուղացին ոռոգում է պոմպով, վճարմանը ավելանում է էլեկտրաէներգիայի սպառման ծախսը` 1 կիլովատ էլեկտրաէներգիայի համար 14 թեթրի հաշվարկով:
Զակ և Կիրովական ոռոգման համակարգերը, որոնք պետք է գործեին 2015-2016 թվականներին, այս տարի էլ չաշխատեցին: Ինչու այդ համակարգերի շահագործումը ուշացավ, մենք չկարողացանք պարզել Վրաստանի միասնական ոռոգման համակարգերի Ընկերության Սամցխե-Ջավախքի սպասարկման կենտրոնից: Մեր հարցումը բազմաթիվ հարցերով, թե ինչպես են ոռոգման վճարները հաշվարկվելու և ինչու մնացած գծերը չեն վերականգնվում, դեռ մնում է անպատասխան:
Շուշան Շիրինյան