Կուլիկամ գյուղում դեռևս ամբուլատորիա չկա, չնայած այն հանգամանքին, որ դեռ 2023 թվականի կեսերին տեղական իշխանությունները հողամաս են հատկացրել ամբուլատորիայի կառուցման համար, և այն Վրաստանի բժշկական հոլդինգին փոխանցելու գործընթացն ընթացքի մեջ էր։ Բնակիչները ստիպված են բժշկական ծառայություններ ստանալ քաղաքում, կամ տնային պայմաններում՝ գյուղի բուժքրոջից։

Շենքը, որը գյուղը հատկացրել էր ամբուլատորիայի համար, Վրաստանի բժշկական հոլդինգը չի ընդունել։ Ըստ ստանդարտների՝ սենյակը պետք է լինի 17 մ/խ-ից ավելի, ինչին այս շենքը չէր համապատասխանում։ Գյուղի մասնագետ Ալիկ Ուզունյանի խոսքով, իրենք ընտրել են նոր, ավելի մեծ շենք, և դեռ սպասում են, որ Հոլդինգից կգան այն նայելու։

«Մի քանի անգամ դիմել ենք, ոչ մի նորություն չկա, սպասում ենք՝ ինչ արած»,- մեկնաբանեց գյուղի մասնագետ Ալիկ Ուզունյանը։

Կուլիկամ գյուղն ունի իր բուժքույրը, նա գնում է գյուղացիների տներ կամ ընդունում նրանց իր տանը, սակայն գյուղի բնակիչները նշում են, որ բուժկետի կարիքը մեծ է, քանի որ տանը միշտ չէ, որ հարմար է։

«Եթե ինչ-որ բանի կարիք ունենք, գնում ենք քաղաք: Օրինակ՝ ինձ շատ է պետք: Նույնիսկ ամենապարզ դեպքերում, եթե հիվանդ ես՝ գրիպ, ջերմություն, առաջին օգնություն չկա, պետք է գնալ քաղաք, դեղերը նույնպես քաղաքից են։ Բուժքույրը գնում է փոքր երեխաներին տեսնելու, կամ պատվաստում է նրանց տանը։ Մեծահասակները հազվադեպ են զանգում նրան և հազվադեպ են գնում նրա տուն, մի քիչ անհարմար է։ Բայց եթե առանձին լիներ, իհարկե, մենք կգնայինք։ Նա կանչում է, ես չեմ գնում»,- նշում է գյուղի բնակիչ Գայանե Միրանյանը։

Բուժքույրը մի կողմից պաշտոնապես աշխատում է, բայց մյուս կողմից՝ չունի պաշտոնական աշխատավայր, ինչը սահմանափակում է թե՛ նրան, թե՛ իր ծառայությունների կարիքն ունեցող համագյուղացիներին։

«Պատահել է, որ մեզ ծառայություններ են պետք եղել, տեղում չենք կարողացել ստանալ, գնացել ենք քաղաք, բայց, իհարկե, լավ կլիներ գյուղում հնարավորություն լիներ: Կարող է ձյուն գա, մեկը մեքենա չունենա»,- նշում է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Սայաթ Ղարիբյանը։

«Վրաստանի բժշկական հոլդինգ»-ը պետք է առաջնային բժշկական օգնության ցուցաբերումը տեղում ապահովի՝ Վրաստանի 8 շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում։ Հոլդինգը հիմնադրվել է դեռ 2022 թվականին։ 2023 թվականին ընթացքի մեջ էր գյուղական ամբուլատորիաները կամ դրանց կառուցման համար հողատարածքները մունիցիպալիտետից պետությանը, այնուհետև Հոլդինգին փոխանցելու գործընթացը։ Փոխանցվել է 13 ամբուլատորիա, սակայն Ախալքալաքի գյուղերի առաջին բուժկետերի աշխատանքի հարցում արդեն երկու տարի այլ առաջընթաց չի նկատվում։

Կարդացե՛ք նաև.

Հոլդինգը Կուլիկամի ամբուլատորիայի համար հատկացված տեղը չի ընդունել