Ախալքալաքի հիվանդանոցը միջազգային հավաստագրում է ստացել և զուգահեռաբար ձեռք բերել նոր համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում միջազգային հավաստագրումը

Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է՝ հավաստագրման գործընթացը շատ կարևոր քննություն է ցանկացած կլինիկայի համար, այդ թվում՝ Ախալքալաքի։ Եվրամիության մեջ ճանաչված, եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագիր տվող ընկերությունը, որը գործում է Գերմանիայում, երկօրյա ստուգում է անցկացրել Ախալքալաքի հիվանդանոցում։ Նրանք ծանոթացել են հիվանդանոցի ամբողջ անցուդարձին։

«Սա շատ կարևոր էտապ և քննություն էր, որը ցանկացած հիվանդանոց պետք է անցներ», – ասում է Ալեքսան Թորոյանը։

Հավաստագրման հիմնական շեշտադրումը դրված էր եվրոպական չափանիշներին համապատասխան՝ անվտանգ բուժօգնության ցուցաբերում և զուգահեռաբար բժշկական համապատասխան սարքավորումներով հագեցվածություն ունենալուն։ Այս երկու չափանիշներին պետք է համապատասխաներ նաև Ախալքալաքի հիվանդանոցը։

«Պետք է ասեմ, որ առաջին օրը բավականին ինտենսիվ, լուրջ խոսակցություններ ծավալվեցին մեր ամբողջ համակարգի շուրջ։ Այսինքն, ի՞նչ ծառայություններ ենք մատուցում, ի՞նչ ձևով է հիվանդը ստանում այդ ծառայությունը, վճարովի և անվճար համակարգը, իհարկե՝ դրանց հետ միասին հիվանդների անվտանգությունը բուժսպասարկման ընթացքում։ Հիմնական շեշտադրումը կարմիր գծով գծված էր՝ անվտանգ բուժօգնություն։ Սա գերմանացի փորձագետների թիրախավորած հարցերից մեկն էր», – հավելում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Երկօրյա հետազոտությունից հետո եկել են այն եզրահանգմանը, որ Ախալքալաքի հիվանդանոցը համապատասխանում է եվրոպական չափանիշների բոլոր պահանջներին, այդ թվում՝ անվտանգ բուժօգնություն ստանալու համար ստեղծված են բոլոր պայմաններն ու նախապայմանները։

«Պատկերացրեք ոչ մի բան նրանց աչքից չվրիպեց։ Սկսած սանիտարական վիճակից մինչև կարգ ու կանոն, ինչպես նաև ավտոկայանատեղին, որտեղ ունենք հատուկ կայանման տեղ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Ուշադրության կիզակետում էր դեղորայքային ապահովությունը, զարմացած էին մնացել, որ այս կարգի դեղորայքային ապահովածություն ունենք մեր հիվանդանոցում՝ բոլոր դեղորայքների բավականին լուրջ պաշարով։ Նույնիսկ ծիծաղով ասացին, որ Գերմանիայում ունեն դեղորայքի պակաս», – ասում է Թորոյանը։

Վերջինս միաժամանակ ընդգծում է՝ փորձագետները հիացած են հիվանդանոցի ախտահանման բաժանմունքով, որը նորակառույց է և հագեցած ժամանակակից սարքավորումներով։

«Նմուշներ էինք ուղարկել Թբիլիսիի հատուկ լաբորատորիա, որտեղ ստուգում են, թե որքանով է ախտահանված գործիքները, դրանց պատասխաններն էլ տեսան և զարմացած էին, որ 100 տոկոսով ախտահանվում են բոլոր գործիքները։ Ինչպես նաև լվացքատունը՝ որ բոլոր բաժանմունքների, այդ թվում՝ երեխաների և նորածինների համար հատկացված է առանձին լվացքի մեքենաներ, առանձին նյութերով», – ասում է հիվանդանոցի մենեջերը։

Գերմանացի փորձագետները անցել են բոլոր բաժանմունքներով, խոսել բոլոր աշխատակիցների հետ, հիվանդանոցի  ղեկավար անձնակազմին արգելելով մասնակցել այդ հարցադրումներին։ Եվ վերջնական որոշում կայացնելու ժամանակ ընդգծել են, որ հիվանդանոցում շատ պատրաստված անձնակազմ է աշխատում։

Ինչ վերաբերում է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, ապա դա առանձին թեմա է եղել։

2

«Մենք ունեինք տոմոգրաֆիայի սարքավորում, որը հին էր։ Համակարգչային տոմոգրաֆը հիմնականում չափվում է շերտերի քանակով, թե քանի շերտանի հետազոտություն է կատարվում հիվանդի մոտ, մեր ունեցածը 16 շերտանոց է, դա նվազագույնն էր, դրանից բարձր չունեինք։ Եվ մենք հարցը արդեն բարձրացրել էինք և այս միջազգային սերտիֆիկացման պրոցեսն ավելի արագացրեց, արդյունքում երեկվանից սկսել ենք համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորման տեղադրման աշխատանքները և մի քանի օրից շահագործման կհանձնվի», – կիսվում է Ալեքսան Թորոյանը։

Նրա խոսքով, նոր բժշկական սարքավորումը, որը թողարկված է 2024 թվականի ապրիլի 20-ին, գրեթե համաչափ է MRT-ի (Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա) սարքավորմանը։

1

«Այս սարքավորման հնարավորությունները շատ-շատ են։ Դեռ ես էլ ամբողջությամբ ծանոթ չեմ, պլանավորել ենք անձնակազմի թրեյնինգներ անցկացնել, գալու են մասնագետներ, որպեսզի ամբողջությամբ ծանոթացնեն սարքավորման աշխատանքին։ Նույնիսկ Թբիլիսիում չկա այդ թվի արտադրության սարքավորում, առաջիններից մեկը մենք ենք»։