Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այս պահին կա երկու գործող հայկական եկեղեցի, սակայն քաղաքում շրջելիս կարելի է հանդիպել նաև չգործող՝ խոնարհված եկեղեցիների, որոնք անուշադրության են մատնված և անհայտ ճակատագրեր են կրում՝ ունենալով երբեմնի հին պատմություն ու միևնույն ժամանակ կռվախնձոր հանդիսանալով Վրաց ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների միջև։ Ըստ Վիրահայոց թեմի՝ վիճաբանության առարկա են 6 եկեղեցիներ՝ Թբիլիսիի Երևանցոց Սուրբ Մինասը, Մուղնու Սուրբ Գևորգը (Մուղնու Մեծ), Շամխորեցոնց Կարմիր Ավետարանը, Սուրբ Նշանը (Սուրբ Նիկողայոս), Նորաշենի Սուրբ Աստվածածինը, ինչպես նաև Ախալցխայի Սուրբ Նշանը (Ս. Վարդանանց)։ Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ Շամխորեցոնց Կարմիր Ավետարանի շուրջ, այն բանից հետո, երբ սկսեցին խոսել եկեղեցու անհետացման վտանգի մասին: Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի կարծիքով, Շամխորեցոնցը հնարավոր է փրկել, եթե պետությունն այս հարցում բարի կամք դրսևորի։
Հավլաբարի մետրոյից ոչ շատ հեռու, Փերիսցվալեբա փողոցի 21 հասցեում է գտնվում Շամխորեցոնց Կարմիր Ավետարանը, որը շրջապատված է նորակառույց շենքերով։ Հեռվից նայելիս չես էլ մտածի, որ շատ տարիներ առաջ այդ տարածքում կանգուն է եղել հսկայական մի եկեղեցի (խորհրդային տարիներին Թբիլիսիի ամենամեծ եկեղեցին էր, հիշատակվում է 40մ բարձրությունը)։ Այսօր եկեղեցուց մնացել են միայն ճաքճքված, կիսավեր պատեր, հողե բլուրներ, չորացած թփեր ու ոլորուն ճանապարհներ, որոնց վրայով քայլելիս չես հասկանում դեպի որ կողմ կհայտնվես: Այսօր եկեղեցու ճակատագիրն անորոշ է, կառավարությունը դրա պահպանման համար որևէ քայլ չի ձեռնարկում, միևնույն ժամանակ չի էլ համաձայնվում է եկեղեցին փոխանցել հայկական կողմին: Կռվախնձոր դարձած եկեղեցու մասին շատ հիշատակումներ և արխիվային փաստաթղթեր կան, վրացական և հայկական կողմերի պնդումները միմյանցից տարբերվում են, որն էլ ավելի է բարդացնում եկեղեցու ճակատագիրը:
Շամխորեցոնց Կարմիր Ավետարանի հիմնադրման վերաբերյալ տվյալները ինչպես արդեն նշեցինք տարբեր են։ Վիրահայոց թեմը որպես հիմնադրման տարեթվ հիշատակում է 1735 թվականը, իսկ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը հիշատակում է 1840-ականները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Թբիլիսիի մյուս հայկական եկեղեցիները, Շամխորեցոցը ևս փակվեց: Այդ տարիներին եկեղեցին օգտագործվել է տարբեր նպատակներով. այն վերածվել է հացի գործարանի, ապա՝ պահեստի: 1980-ական թվականներին ծառայել է որպես վրաց նկարիչների արվեստանոց: 1989 թ. ապրիլին եկեղեցին մեծապես ավերվել է՝ ենթադրաբար երկրաշարժի հետևանքով (թեև Վիրահայոց թեմն այստեղ դիտավորություն է տեսնում)։ Կարևոր է նշել, քանի որ եկեղեցին գտնվում է Վրաստանի հաշվեկշռում, Վիրահայոց թեմը չունի օրինական լծակներ պահանջելու եկեղեցու պաշտպանությունը։
Կիսախոնարհ եկեղեցու միակ կանգուն մնացած պատի հարևանությամբ 2016 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքները լուրջ վտանգ են դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար։ Ժամանակին այս հարցը մեծ աղմուկի պատճառ դարձավ, սակայն այսօր այս տարածքում արդեն գործում է հյուրանոց, եկեղեցու հենց կողքին բացվել է նաև սրճարան, իսկ եկեղեցու պատը վերածվել է նշված հյուրանոցի կայանատեղիի:
Հանդուրժողականության և բազմազանության (TDI) ինստիտուտը, որը զբաղվում է Վրաստանում ազգային և կրոնական փորքամասնությունների իրավունքներով, ուսումնասիրել է Թբիլիսիում հայկական «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցը: TDI-ը գտնում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի կոպիտ խախտումներով: Առկա խնդիրն ի ցույց է դնում պետության անտարբեր վերաբերմունքը կրոնական արժեքներ ունեցող մշակութային ժառանգության նկատմամբ:
Հիշեցնենք նաև, որ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր հայտարարություն մտավախություն հայտնելով, որ եկեղեցին մոտ ապագայում հանրության համար անհասանելի կլինի։
«Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (կամ Կարմիր Ավետարան) շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված՝ թողնելով մտավախություն, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի և նմանվի Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից», – նշված է հայտարարության մեջ:
Այս թեմայով կարդացեք նաև՝ Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին անհետացման եզրին է
2009 թվականին Վիրահայոց թեմը դիմում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, ի թիվս այլ եկեղեցիների՝ Շամխորեցոնց Սբ․ Աստվածածինը ևս թեմին վերադարձնելու հարցով: Վիրահայոց թեմը եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդրանքով Վրաստանի իշխանություններին է դիմել նաև 2012 թվականին, իսկ 2015 թվականին՝ Վրաստանի Մշակույթի նախարարությանը, Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։
Jnews-ն այս թեմայով խոսել է հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի հետ, ով մեզ հետ զրույցում կիսվեց իր կարծիքով, թե ի՞նչ պատճառներով այսօր եկեղեցին չի վերականգնվում կամ պահպանվում, կամ ինչի՞ եկեղեցին չեն հանձնում հայկական կողմին:
«Պատճառը շատ հայտնի է, որովհետև Վրաստանում մեր Հայ առաքելական եկեղեցու թեմը երկար ժամանակ է ինչ դիմում է պետությանը, որպեսզի այն եկեղեցիները, որոնք բռնագաղթված էին կոմունիստական խորհրդային տարիներին, վերադարձնեն որպես թեմի սեփականություն։ Բայց այդ պրոցեսը ձգձգվում է, և ի պատասխան Վրաց եկեղեցին այդ եկեղեցիները հայտարարել է վիճահարույց, այսինքն՝ ասվում է, որ այդ եկեղեցիները հայկական չեն եղել, որն իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Վրաց ուղղափառ եկեղեցին խոչընդոտում է, որ այդ եկեղեցիները վերադարձվեն Հայ առաքելական եկեղեցուն: Երբ Վրաստանն անկախացավ, այն ամենն ինչ կոմունիստական շրջանում խլված էր ուղղափառ եկեղեցուց ամբողջությամբ վերադարձվեց հետ, բայց մեզ, կաթոլիկներին և ուրիշ կրոնական համայնքներին շատ բան մինչև օրս չի վերադարձվել և կարծում եմ, որ պետության և եկեղեցու շրջանակներում վախենում են նման քայլ անել, քանի որ դրանով կարող է մյուս կրոնական համայնքներից ևս պահանջներ հնչել: Այս տարաձայնություններն ամենագլխավոր պատճառն են այն բանի, ինչ այսօր տեղի է ունենում մի շարք հայկական եկեղեցիների հետ, որոնք չեն գործում»:
Իսկ մեր այն հարցին թե կարո՞ղ է արդյոք հայկական թեմը որոշիչ դեր ունենալ եկեղեցին փրկելու հարցում, պրն Չիդիլյանը պատասխանեց․
«Իհարկե, եկեղեցին հնարավոր է փրկել, եթե լինի պետության բարի կամքը»:
Ստորև ներկայացնում ենք նաև լուսանկարներ եկեղեցու նախկին տեսքից՝ որոնք մեզ տրամադրել է հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը: