Օգոստոսի 25-ին, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղի 19-րդ դարի 30-ականներին կառուցված Սբ. Հարություն եկեղեցին:

Եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի:

Օգոստոսի 25-ը բալխոցիների համար դարձավ հոգևոր վերազարթոնքի օր: Երկարատև լռությունից հետո կրկին ղողանջեց Սուրբ Հարություն եկեղեցու զանգը: Այն հիմնովին վերակառուցվել է ծնունդով Բալխո գյուղից, այժմ ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսեսյանի բարերարությամբ:

Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման արարողությունն սկսվեց դռնբացեքի և եկեղեցու օրհնության կարգով, սաղմոսների ու շարականների երգեցողությամբ ջրով և գինով մաքրագործվեցին եկեղեցու 16 սյուները, ապա Վիրահայոց թեմի առաջնորդը կատարեց վերաօծման հանդիսավոր կարգը, որին հաջորդեց անդրանիկ պատարագի արարողությունը:

Հավարտ Սուրբ պատարագի Թեմակալ առաջնորդը շնորհավորեց բնակչությանը, խոսեց եկեղեցու հոգևոր և ազգային դերակատարության կարևորության մասին և, բարձր գնահատելով բարերարի նվիրական աշխատանքը, նրան փոխանցեց սրբապատկեր և Օրհնության գիր:

«Այս տաճարն այլևս, ինչպես աղոթքներում ասվեց, ոչ քար ունի, ոչ փայտ, այստեղ ամեն ինչ սրբացած է»,- իր խոսքում նշեց թեմակալ առաջնորդը:

Հավարտ Պատարագի կատարվեց ավանդական մատաղի օրհնություն: Բալխոյում տոնական օրն ավարտվեց ժողովրդական տոնահանդեսով:

joxovurd

Բալխո գյուղի եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին գյուղի բնակիչների նախաձեռնությամբ: Սուրբ Հարություն անվամբ եկեղեցին խորանի մասը հիշատակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1839-1840-ական թվականների ցանկում: 19-րդ դարի 60-ական թվականներին եկեղեցին հիմնովին վերանորոգվել է և վերաօծվել Սուրբ Սահակ Պարթև անվամբ:

Եկեղեցին կառուցված է կարմիր տուֆից: Պատկանում է երկթեք սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 17,1 x 9,50 մ: Որպես եկեղեցու գեղարվեստական-դեկորատիվ միջոց, գործածվել են կոմպոզիցիոն դեկորատիվ որմնասյուներ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն, իսկ արևմտյան և արևելյան պատերին՝ կիսաշրջանաձև պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Արևմտյան ճակատին քանդակված է խաչ, որի ներքևում երկշարք խորանի մասում հայերեն գրություն կա: Տանիքի արևմտյան կողմից կառուցված է զանգակատունը: