«Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունն ահազանգում է, որ Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր գմբեթով եկեղեցին՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (կամ Կարմիր Ավետարան) շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված՝ թողնելով մտավախություն, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի և նմանվի Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից։

ekexeci1

«2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա մեկնարկել է բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մեջ, բայց, ցավոք, հասարակության արտահայտած մտահոգություններն ու դժգոհությունը ցանկալի արդյունքին չհանգեցրին։ Կառուցվել է հյուրանոց, որը բացի եկեղեցու հիմքը վնասելուց, լուրջ վտանգ են դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար և այդ շինարարության կառուցման պատճառով կորցնում է իր ճարտարապետական արժեքը», – ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը։

ekexeci
ekexeci4

Միևնույն ժամանակ կազմակերպությունը հիշեցնում, որ դեռ 2018 թվականին Հավլաբարի Էջմիածնի եկեղեցու մի խումբ հավատացյալներ խաղաղ երթով շարժվել են դեպի Կարմիր Ավետարան եկեղեցի, որտեղ եկեղեցու պատի մոտ տեղի է ունեցել մոմավառություն և աղոթք։

«Ցավոք, պետք է նշել, որ այսօր այս պատը նույնպես անմատչելի է` մի կողմից հյուրանոցի պահակային սենյակն է, մյուս կողմից` հավանաբար, նույն հյուրանոցի կայանատեղին, իսկ պատի երկայնքով տնկված եղևնիները` բավականին մեծացել են, ինչպես բարձրությամբ, այնպես էլ լայնությամբ», – կարդում ենք «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության տարածած տեղեկատվության մեջ:

ekexec2

Բացի այդ, 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող ավտոկայանատեղիում տեղադրվել է պաստառ, որի համաձայն տարածքը վաճառվում է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եկեղեցին մոտ ապագայում հանրության համար անհասանելի կլինի:

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը կոչ է անում բոլոր նրանց, ում պարտականության մեջ է մտնում այդ հարցը, ուշադրություն դարձնել ժամանակին, քանի դեռ ուշ չէ։ Եվ հույս հայտնում, որ  Եվրոպա քայլող Վրաստանի կառավարությունը պատմամշակութային արժեքներին ճիշտ վերաբերմունք կցուցաբերի։