Ախալքալաքի շրջանի Իխտիլա գյուղի եկեղեցին, որը Վրաստանի մշակութային ժառանգության անշարժ հուշարձան է ճանաչվել որպես Մեղրեկիի համալիր, ժողովրդի հավատալիքներով բուժիչ ուժ ունի։

«Մի անգամ մթնշաղին անցնում էինք վանքի մոտով, 6 աղջիկ հայկական տարազի նման շորեր հագնված վազելով եկան մեր մոտ, մեզ ասացին «փրկեք մեզ, լույս հանեք մեզ», ցանկանում էինք նրանց շոյել, բռնել, բայց չկարողացանք, կարծես միանգամից վազելով գնացին ու ծիծաղելով ձորն իջան, ու այդտեղից էլ մենք հասկացանք, որ այդ աղջիկները մեր վանքի սրբերն են», – համագյուղացիների եկեղեցու մասին խոսակցությունը ընդհատելով ոգևորված պատմում է Իխտիլայի բնակիչ Արևիկ Մալխասյանը:

ikhtila
Իխտիլայի եկեղեցին գտնվում է նախկին բերդ-ամրոցի տարածքում, որից մնացել են միայն պարիսպները: Տարիների ընթացքում դրանք հողով են ծածկվել, սակայն իխտիլացի մի մարդ, ով գյուղում չի բնակվում, նախաձեռնել և մաքրել է տարածքը, հիմա եկեղեցու պարիսպը երևում է։
parisp surb hovhannes

Իխտիլա և հարակից գյուղերի բնակիչները շատ են հավատում վանքի ուժին։ Սուրբ Հովհաննեսը, ինչպես բնակիչներն են ասում, ունի բուժիչ հատկություն, բուժում է «կապույտ» հազը, կարմրուկը և այլ հիվանդություններ։ Ժողովուրդը նաև հավատում է, որ այն բուժում է այն երեխաներին, ովքեր ուշ են խոսում։ Խոսքի բարդություն ունեցող երեխաներին տանում են և վանքի դռան բռնակը երեխու բերանն են դնում, որպեսզի նա օրհնվի և սկսի խոսել։

«Այն երեխաների շորերը, ովքեր հազում են, կապույտ հազ ունեն, կամ կարմրուկով են հիվանդ, տանում վանքում ենք դնում, այն օգնում է երեխաներին շուտ ազատվել տարբեր հիվանդություններից», – ասաց Արևիկ Մալխասյանը։

surb hovhannes

Բնակիչները պատմում են, որ եկեղեցում կա 7 սուրբ, 6 քույր և 1 եղբայր։

xach

Վերջերս Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը տեղեկություն տարածեց, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Մերենիայում գտնվող X-րդ դարի եկեղեցին մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել: Այս տեղեկությունը քննարկման տեղիք տվեց Իխտիլայի բնակիչներին, ովքեր պնդում են, որ եկեղեցին իրենց գյուղի տարածքում է գտնվում։

Պարզելու համար վանքի պատկանելիությունը մեր լրագրողները այցելեցին Մերենիա ու Իխտիլա գյուղերը, ինչպես նաև դիմեցին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալություն:
Պատասխաններն ու կարծիքները տարբեր էին։

Իխտիլայի բնակիչները համարում են, որ վանքը իրենց է պատկանում։ Եկեղեցու անունը Սուրբ Հովհաննես է։

Իսկ Մերենիայի բնակիչները եկեղեցին անվանելով Ձորի վանք, նույնպես համարում են, որ այն Իխտիլային է պատկանում։

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մամլո ծառայությունից մեզ հայտնեցին հետևյալը.

«X-րդ դարի վրացական եկեղեցիների համալիր է, այս մասին բազում գրվածքներ կան վրաց պատմությունում։ Այնպես որ, կարող ենք ասել, որ այդ համալիրը ընդհանրապես կապ չունի Առաքելական եկեղեցու հետ», – ասաց մամլո ծառայության պատասխանատու Բեքա Բարամիձեն։

Համալիրը կոչվում է Մեղրեկի։

Ըստ գործակալության, համալիրը իր աշխարհագրական դիրքով առավել մոտ է գյուղ Մերենիայի հյուսիս-արևելքին, Սամսար գյուղ տանող ճանապարհի եզրին, այդ իսկ պատճառով էլ, անշարժ հուշարձանների գրքույկում այն գրանցված է որպես Մերենիայի եկեղեցի։

Գայանե Ակոջյան