Արդեն մի քանի օր է Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնը վերսկսել է աշխատանքը։ Քանի որ տևական ժամանակ է շրջանում առատ ձյուն չէր տեղացել, ըստ այդմ` կենտրոնը չէր կարող գործել։

«Արդեն երկու օր է բացել ենք, գալիս են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները։ Նորեկներին սովորեցնում ենք, բնականաբար։ Հիմա գյուղից են գալիս հիմնականում, գյուղից դուրս էլ արդեն մեկը մյուսին տեղեկացնում է։ Բոլորին մեծ սիրով սպասում ենք, նշեմ, որ մեր մոտ անվճար է», – ասում է Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնի պատասխանատու Սպիրիդոն Հունանյանը։

Սպիրիդոնն ասում է՝ եթե ունենան մշատական այցելու, ապա կգրանցեն, եթե իրենց հանգուստն ունեն կարող են բերել, եթե ոչ, ապա կենտրում կա, բոլորը կարող են օգտվել։

«Մեր ունեցած հագուստը ճիշտ է հին է, բայց մենք կարող ենք առաջարկել մերը, որպեսզի իրենցը չվնասեն»։

Կենտրոնն ունի հատուկ հագուստի և դահուկների կարիք, անցած տարի դիմել են, ձեռք են բերել փոքր տարիքի համար նախատեսված 4 զույգ դահուկ և հագուստ, բայց մեծահասակների հագուստի և դահուկների կարիք կենտրոնում դեռ կա։

«Մենք ունենք մեծերի և փոքրերի հագուստ, միջին տարիքի չունենք։ Եվ դահուկներ չունենք 40 համարից բարձր։ Իմը և մյուս մարզիչինն է 42, եթե լինում են դեպքեր, որ պետք է գալիս, ստիպված մերն ենք տալիս», – հավելում է Սպիրիդոն Հունանյանը։

Կենտրոնը բաց է ամեն օր, ժամը 12։00-ից մինչև 16։30-, ինչպես Սպիրիդոնն է ասում՝ կամ էլ մինչև երեխաները կհոգնեն։ 6 տարեկանից կարող են այցելել կենտրոն, մարզիչները կսովորեցնեն, այնուհետև ազատ կկարողանան սահել։

Նշենք, որ Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնը գործում է արդեն 11 տարի։ Կենտրոնն չի գործել 2021 թվականի ձմռանը՝ կորոնավարակի պատճառով:

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝

Ախալքալաքի քաղաքապետարանը բնակիչներին հորդորում է Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոն այցելել

Մեկամյա դադարից հետո վերաբացվել է Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոնը

Լեռնադահուկային մրցույթ Արագվայում