Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ, հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնում, միջոցառումներին միացել է նաև Թբիլիսիի հայ համայնքը։
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, այսօր Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ ակցիա հետևյալ պահանջներով`
Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Հայ Հեղափոխական
Դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ուղերձ են հղել միջոցառումների մասնակիցներին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությամբ, ունի մեկ անվանում՝ Օսմանյան կայսրության ժամանակներից սկիզբ առած թուրքական հանցավոր ծրագրերի շարունակություն: 100 տարի առաջ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու գործողությունները կրկնվեցին մեր օրերում, բայց մեկ, չնչին տարբերությամբ՝ առաջատար դեր վերապահելով Ադրբեջանին:
Հազարամյա պատմություն ունեցող հայկական Արցախը, որ մշտապես դիմակայել է տարբեր հրոսակախմբերի ասպատակությունների, 21-րդ դարում, միջազգային իրավունքի անտեսման պայմաններում դեմ հանդիման կանգնեց ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերին պարտադրված պատերազմին, բազում զրկանքներ կրեց 9-ամսյա համընդհանուր շրջափակման օրերին և հրեշավոր ահաբեկչության ճանապարհով 2023թ. սեպտեմբերին ենթարկվեց էթնիկ զտման: Իրականացվող ցեղասպանության ու դրա սպառնալիքի ներքո 120 հազար արցախցի հայեր ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից՝ թողնելով նախնիների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը, քրիստոնեական սրբավայրերը և սեփական օջախները:
Եվրոպայի 14 երկրների 50-ից ավելի քաղաքներում ի աջակցություն Արցախի նախատեսվող միջոցառումները, վերը նկարագրված աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են: «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը միավորել է Եվրոպայում ապրող մեր այն հայրենակիցներին, ում համար Արցախը տարիներ ի վեր եղել է ոգեշնչման աղբյուր, հարյուրավոր կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախի միջազգային հեղինակությունը բարձր պահելու և տեսանելի դարձնելու ուղղությամբ:
Մեծ եռանդով միանում ենք արդարացիորեն ցանկագրված այն հորդորներին ու պահանջներին, որոնք ուղղվել են ձեր նստավայր երկրների կառավարություններին ու համաեվրոպական ղեկավար կառույցներին»։