Մառնեուլիի մունիցիպալիտետում ամռան առաջին շաբաթվա ընթացքում երեք մարդու օձ է խայթել:
Տուժածներից երկուսը երեխաներ են, հայտնում է «Ռադիո Մառնեուլին»։ Նրանցից մեկն անցած շաբաթ է տեղափոխվել Մառնեուլիի Geo Hospital։ Ըստ բժիշկների՝ նրա վիճակը ծանր չէ, սակայն որոշել են հիվանդին տեղափոխել Թբիլիսիի հիվանդանոց։
Երկրորդ հիվանդը՝ 9-ամյա երեխա է: Նա առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայից։
Օձի խայթոցից տուժել է նաև միջին տարիքի մի կին: Նա մոտ մեկ շաբաթ բուժվել է Geo Hospital-ում և արդեն դուրս է գրվել կլինիկայից:
Վրաստանում տարածված է օձերի մոտ 24 տեսակ, որոնցից չորսը թունավոր են՝ գյուրզան, տափաստանային իժը, կովկասյան իժը և քթային իժը։ Թբիլիսիում հանդիպում է օձերի մոտ 12 տեսակ։
Որպեսզի օձերը բներ չստեղծեն, մասնագետները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս իրենց բակերում վառելափայտ ու շինանյութ չպահել, աղբ չթողնել և խոտը հնձել։